կարևոր
1558 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 18:40

Հրեա գործարարը պատրաստվում է վարձակալել Պատրիարքարանին պատկանող հողակտորն ու յոթաստղանի հյուրանոց կառուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստալիայից ժամանած հրեա գործարարը տեւական ժամանակով, ասել է թե՝ մոտ մեկ դար պատրաստվում է վարձակալել Երուսաղեմի Հայոց Պատրիրարքարանին պատկանող հողակտորն ու այնտեղ յոթաստղանի հյուրանոց կառուցել: Գործարքը փաստացի կա, քննարկումների պակաս էլ չկա:

Հյուրանոցը նախատեսվում է կառուցել «Կովերի պարտեզ» անվամբ հայտնի տարածքում, որը գտնվում է պատմական Սիոն լեռան վրա: Ինչեւէ, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանությունում կարծես համաձայն չեն, որ այս գործարքը կյանքի կոչվի:

«Վանքին, Պատրիարքարանին, Ժառանգավորաց Վարժարանին ու Ընծայարանին կից հյուրանոցի կառուցումը կստեղծի մեծ անհարմարություններ եւ կխաթարի Պատրիարքության եւ հոգեւոր կրթօջախի բնականոն կյանքը, գործունեությունն ու անդորրը՝ մեծապես վտանգելով մեր ապագա  առաքելության իրականացումը: Երուսաղեմի Սուրբ Աթոռը համահայկական արժեք է, եւ այն դարեր շարունակ եղել է համայն հայության ուշադրության եւ հոգածության ներքո: Նրա գոյության եւ պահպանման մեջ ներդրում ունեն ինչպես Սուրբ Աթոռի անձնազոհ միաբաները՝ իրենց նվիրյալ ծառայությամբ, այնպես էլ ամբողջ հայ ժողովուրդը՝ իր բարոյական եւ նյութական աջակցությամբ: Հետեւաբար, այս սրբազան ժառանգության հետ պետք է վարվել խիստ զգուշորեն եւ բարձր պատասխանատվությամբ՝ միշտ պահելով Սուրբ Աթոռի Կանոնադրությունը, որպեսզի չվտանգվի նրա դարավոր երթը ու հաջորդ սերունդներին ժառանգելը»,- ասված է հայտարարությունում:

12 միաբանը համատեղ հայտարարությամբ իրենց դժգոհությունն են հայտնել ընդամենը օրերս, բայց պնդում են, որ համաձայնագիրն այս տարի հուլիսին է կնքվել: Ու այն ստորագրել են Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սեւան Արքեպիսկոպոս Ղարիբյանը, պատրիարքարանի անշարժ գույքի բաժնի տնօրեն կամ ինչպես ընդունված է ասել՝ Կալվածքների տեսուչ Պարետ Երիցյանը: Վերջինը «Երկիրն Այսօրի» հետ զրույցում վստահեցրել է՝ տեւական ժամանակով կալվածքը վարձակալության հանձնելու հարցը քննարկվել ու այդ հարցով որոշում է կայացվել ավելի քան  25 տարի առաջ:

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության հայտարարությունում ասվում է, թե փաստաթղթի ստորագրմամբ իրենց կանոնադրության մի քանի հոդված է խախտվել: Ու որպես ապացույց՝ նշվում է, որ Սուրբ աթոռի երկու գերագույն մարմինը՝ Տնօրեն ու Միաբանական ժողովները, իրենց համաձայնություն չեն տվել այս համաձայնագրի ստորագրման համար: Միաբանները նաեւ պնդում են, որ օրինակ՝ Կալվածքների տեսուչն իրավունք չունի քսանհինգ տարուց ավելի վավերականություն ունեցող համաձայնագիր ստորագրել: Ամեն դեպքում, Կալվածների տեսուչ Պարետ Երիցյանը մեզ հետ զրույցում բացառել է, որ կանոնադրության որեւէ խախտում են թույլ տվել:

Չնայած միմյանց հակասող հայտարարություններին, Պարետ Երիցյանը վստահեցնում է՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներսում պառակտում չկա: Չկա նաեւ բռնապետություն, ու դա է ծնում այս տարակարծությունը:

Հակոբ Ավետիքյանն էլ իր տեսակետն է առաջ տանում՝ եթե անձը հավակնում է կալվածքի վրա յոթ աստղանի հյուրանոց կառուցել, նշանակում է՝ իր թաթը դրել է բուն հողի վրա, որտեղ գտնվում է հայոց վանքը:
Աշխարհաքաղաքական շահերի բախումն արդեն զգացնել է տվել իրեն:

«Պետք է ընդունել, որ Երուսաղեմը այն վայրերից մեկն է, որտեղ տեղի են ունենում տարբեր ազգերի, կրոնների միջեւ բախումներ, համաձայնություններ, դաշինքներ: Այնտեղ մենք՝ հայերս, եւս ներկա ենք, իսկ նման այլ լծակ արտասահմանում մենք չունենք եւ չեմ էլ կարծում կունենանք: Նշանակում է, որ մեր ներկայիս կառավարությունը նույնպես պետք է շահագրգիռ մոտեցում ունենա եւ հարցին աշխատի այնպիսի լուծում տա, որ այս դեպքը ոչ միայն չկայանա, այլ այսուհետ նման դեպքեր չգրանցեն»,-ասաց Երիցյանը:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Կալվածքների տեսուչն անկեղծանում է՝ գործարքից հետո պաղեստինյան կողմն առաջարկել է հանդիպել ու անթաքույց դժգոհել է, թե ինչու են, այսպես ասած, թշնամի պետության հետ համաձայնության եկել, ու այդ ինչպես է հրեան հյուրանոց կառուցելու Հին Երուսաղեմի տարածքում:

«Իրենք ասում են՝ սա միջազգային օրենքի դեմ է, որ միջազգային օրենքի դեմ է, թող ինձ բացատրեն: Միջազգային օրենքը պետություն պետության հետ է, ոչ թե անհատների կամ հաստատության հետ: Այս բոլորը մենք նրանց ասացինք, եւ նրանք սկսեցին թերթերին տալ, խոսքեր տարածել: Մենք ոչ պաղեստինցիների դեմ ենք, ոչ հրեաների ոչ էլ օտարերկացիների: Մեր հողն է, մենք վարձով են տվել մեր վանքի նյութականն ապահովելու համար: Զրուցակիցս անկոտրուն է ու հաստատուն կերպով հայտարարում է՝ գործարքը ստորագրված է եւ վերջ:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: