Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց չորրորդ տուրը։
E խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» եւ հաղթանակ տարավ 5։2 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
6 միավորով երկրորդ տեղում է «Բարսելոնան», որը Կիեւում Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Դինամոյին»։
F խմբում իտալական «Ատալանտան» Բերգամոյում մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 2։2 ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով առաջաինն է։ 7 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող «Վիլյառեալը»։ Իսպանական թիմը 2։0 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին» (3 միավոր)։ «Ատալանտան» 5 միավորով երրորդն է։
G խմբում Ֆրանսիայի չեմպիոն «Լիլը» Իսպանիայում խաղաց «Սեւիլիայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Գերմանական «Վոլֆսբուրգն» ավելի վաղ տանը մրցել էր ավստրիական «Զալցբուրգի» հետ եւ հաղթել 2։1 հաշվով։
«Զալցբուրգը» առաջինն է՝ 7 միավոր։ «Լիլն» ու «Վոլֆսբուրգն» ունեն 5-ական միավոր։ «Սեւիլիան» վերջինն է՝ 3 միավոր։
H խմբում Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ տանելով չորրորդ հաղթանակը։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը տանը 4։2 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։
Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» ավելի վաղ հյուրընկալվել էր շվեդական «Մալմյոյին» եւ հաղթել նավազագույն հաշվով։
«Չելսին» երկրորդն է՝ 9 միավոր։ «Զենիթը» 3 միավորով երրորդն է, «Մալմյոն» չորս պարտություն է կրել։