կարևոր
1618 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 16:43

Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Արամ Վարդևանյան

Արմեն Չարչյանը, չնայած առողջական խնդիրներին, կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Արամ Վարդևանյան

2021թ հունվարի 1-ից մինչև 2021թ հոկտեմբերի 27-ը դատարաններին է ներկայացվել թվով 1700 կալանավորման միջնորդություն, որից մերժվել է միայն 291-ը։ Դրանից կարելի է հետևություն անել, թե ինչ վիճակում է կալանավորումը որպես խափաման միջոց կիրառելու պրակտիկան Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Երբ ասում ենք, որ կալանավորումը ֆետիշացվում է ՀՀ-ում, հենց դրա համար էլ ասում ենք։ Միայն 291 մերժում՝ 1700-ի հասնող միջնորդությունների պարագայում»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ունի հիմնավոր կասկած, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ դատարանների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշումները շեշտակի ավելացան։

Ըստ Վարդևանյանի նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ են կազմում:

«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին  հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան: Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատամամբ  իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց  ընդդիմադիր պատգամավորը:

Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, այստեղ մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում:Նա հստակեցրեց, որ խոսքը ոչ թե գնում է  մեղավոր անձանց մասին, այլ անմեղ անձանց, որոնց  վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա: Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է  ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ  դեպքում հետևողականորեն լինում են կալանավորված:

Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել:

Բացի այդ՝ այդ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը:

Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել:

Ավելին՝ պարզվում է, որ ՔԿՀ-ում այսօր ունենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացության դեպք։ Վարդևանյանի դիտարկմամբ՝ խոսքը գնում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենախոցելի խմբում գտնվող անձանց մասին, քանի որ այն փակ տարածք է, դրանք հնարավորություն չունեն ավելի լայն լինելու։ Պատգամավորը պատահական չի համարում, որ դեռևս մեկ տարի առաջ ԵԽ-ն հորդորում էր հնարավորինս շատ կիրառել գրավը որպես խափանման միջոց, սակայն այդ ժամանակ դեռևս առկա չէր ՔԿՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահվան դեպքը։