Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարազատները նաև պահանջում են, որ հանդիպմանը ներկա լինեն այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պարտավոր էին քննել, ուսումնասիրել պատերազմի ընթացքում զինծառայողների զոհվելու, անհետ կորելու և գերեվարվելու հանգամանքները։
«Մենք անցնում ենք անհնազանդության գործողությունների։ Չէինք ուզում, բայց մեզ ստիպեցին։ Մենք սպասեցինք, բայց ոչ ոք դուրս չեկավ»,-ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը՝ նշելով, որ փողոցը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կատարվեն։
Մեր երեխեքի մասին ոչ ոք չի մտածում՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ պաշտպանության նախարարությունը։ Բոլորն էլ ասում են՝ ծրագրված պարտություն էր։ Պետք է պարզել բոլոր հանգամանքները, մեղավորներին»,-ասում էին ծնողները։
Բողոքի ակցիայի ժամանակ իրենց երեխաների մասին տեղեկություններ պահանջող ծնողներից ոստիկանները պահանջեցին բացել փողոցը։
«Չեմ ցանկանում ուժ գործադրել, երթևեկության անվտանգությունը պետք է ապահովենք»,-ոստիկաններից մեկի այս խոսքը բորբոքեց ծնողների բարկությունը։
«Իսկ ո՞վ պետք է մեր երեխաների անվտանգությունն ապահովեր։ Ուժ գործադրելու լինի, մենք էլ ուժ կգործադրենք։ Ես մեկ տարի է՝ իմ երեխուց լուր չունեմ։ Ամսի վեցին տղուս ծնունդն է, երկու տարի է նրան չեմ տեսել, մի տարի կորոնա էր, մի տարի է լուր չունեմ»,-բարկացած վրա բերեցին նրանք։
Բայց դա չխանգարեց, որ ոստիկանները անհետ կորածների ծնողներին ուժով, հրելով դուրս հանեն փողոցի երթևեկելի հատվածից։
ՀՀ փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի և կտեսնենք՝ կարո՞ղ է ոստիկանությունը միջամտել, որ վարչապետի հետ մեր հանդիպումը կազմակերպեն,-ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը։