կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 13:14

Ադրբեջանցիների տեղակայումներն անօրինական են. նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ. Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանցիների տեղակայումներն անօրինական են. նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ. Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանցիների տեղակայումներն անօրինական են։ Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ սահմանազատման ու սահմանագծման բացակայության պայմաններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հիմք չեն ընդունվել միջազգային չափանիշները, մինչդեռ անհրաժեշտ էր ուսումնասիրել ու վերլուծել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը։

«Խորհրդային միության ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժեր։ Ավելին, հիմնավորել ենք միջազգային գոյություն ունեցող պահանջներով, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լեգիտիմ համարվել, եթե չի ապահովում մարդու իրավունքները, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոններին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»։

Նա նշեց, որ Հայաստանի պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի, սակայն այս դրույթը չի կարող կիրառելի լինել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում։

«Բնակավայրեր ունենք, որտեղ ընդամենը մի քանի մետրից սկսած արդեն մարդկանց տներ են։ Այս ասուլիսից հետո հրապարակային կդառնա զեկույց, որտեղ միջազգային փորձի վրա ցույց է տրված, թե ինչպես կարող է ստեղծվել անվտանգային գոտի։ Աշխարհում կան այդպիսի փորձեր»,-ասել է Թաթոյանը։

Նա նաև խոսել է ադրբեջանցիների կողմից Իրանի քաղաքացիներին անօրինական կանգնեցնելու մասին։ 

«Պատկերացնու՞մ եք մի երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավել է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»։

Նա նշել է, որ մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զորք կա։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից ևս խախտում է և դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է, որ նույն իրավիճակն է նաև Դավիթ Բեկ գյուղում:

«Այստեղ անգամ դեպքեր ունենք, որ մարդկանց այգիներին են վնասներ պատաճառվել։ Հարց է առաջանում՝ մեր համաքաղաքացիներին ո՞վ է հատուցելու։ Դավիթ Բեկում մեկ այլ խնդիր էլ ունենք։ Ադրբեջանական դիրքն անմիջապես գերեզմանոցի գլխավերևում է, և այդ հատվածում նույնիսկ կրակոցներ են եղել պատերազմի ժամանակ»։