կարևոր
1456 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-02 22:40

Գլազգոյում ընդունվել է անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին հռչակագիր

Գլազգոյում ընդունվել է անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին հռչակագիր

Աշխարհի 105 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, միացել են Գլազգոյում անտառների պաշտպանության և հողօգտագործման մասին hռչակագրի ընդունմանը:

Հռչակագիրն ընդունած երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց պարտավորությունները կայուն հողօգտագործման և անտառների ու այլ ցամաքային էկոհամակարգերի պահպանման, պաշտպանության, կայուն կառավարման և վերականգնման վերաբերյալ և ընդգծել բոլոր տեսակի անտառների, կենսաբազմազանության և կայուն հողօգտագործման կարևորագույն և փոխկապակցված դերերը:

Առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հավաքական և անհատական հանձնառությունները` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային և Փարիզի համաձայնագրին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիային, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային և այլ միջազգային փաստաթղթերին:

Հռչակագիրն ընդունվել է Գլազգոյում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի շրջանակներում: Համաժողովը, որին մասնակցում է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի կունենա հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը: