կարևոր
514 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-02 16:21

Դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը, հարուցվել է քրեական գործ

Դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը,  հարուցվել է քրեական գործ

ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ սահման հատելն արգելելու դեպքից երկու տարի անց, ի վերջո, քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Փաստաբանը հայտնեց, որ դեռևս նոր է ստացել քրեական գործի հարուցման մասին որոշումը, Արմեն Գևորգյանը դեռևս չի հարցաքննվել, տուժող չի ճանաչվել։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ:

Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։

ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը,, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։ Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը ևս վիճարկվել է դատական կարգով.դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը, ինչի հիման վրա հետագայում հարուցվել է քրեական գործը։