կարևոր
424 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 16:03

Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել 

Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել։

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։ Երեկ հայտնի դարձավ 5 բժշկի անուն, նրանց ընդհանուր թիվը 10-ն է։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825-Ն որոշմամբ: