կարևոր
1594 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-02 13:25

Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

Շտապօգնության ծառայության մեքենաների վարորդները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

Շտապօգնության ծառայութան մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

Ծառայության 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը նշեց, որ մեկ օրվա համար ստանում է 11 700 դրամ, երեք օր մեկ պարբերականությամբ է հերթապահություն իրականացնում, ամսական կտրվածքով միջին աշխատավարձը կազմում է մոտ 120 հազար դրամ։

«Մենք չգիտենք, ոնց պահենք մեր երեխաներին։ Առավոտից երեկո աշխատում ենք, չենք կարողանում ընթացքում հաց ուտել, նույնիսկ մի քանի րոպե հանգստանալ չենք կարող։ Կանչից կանչ ենք շտապում, կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, մենք քովիդի հետ գործ չունենք, բայց այդ կանչերն էլ ենք սպասարկում»,-խնդիրը ներկայացնում է նա։

«Ասել ենք տնօրինությանը, որ հարցին լուծում տան։ Ասել են սպասենք, բայց ինչքա՞ն սպասենք, էլ հնար չկա սպասելու։ Մենք աշխատում ենք, երկրորդ գործ չենք կարող ունենալ, իսկ էս աշխատանքով էլ չենք կարողանում տուն պահենք։ 24 ժամ աշխատելուց հետո առավոտյան ուզում եմ գնամ տաքսի քշեմ, բա սա հնարավոր ա՞։ Ինչի՞ ես պետք է մտածեմ 24 ժամ աշխատելուց հետո գնամ մի հատ էլ ուրիշ տեղ աշխատեմ»։Աշխատանքային համազգեստներով 6-րդ ենթակայանի մոտ հավաքված վարորդները պահանջում են իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման։

Էս աշխատավարձով մենք ընտանիք պահել չենք կարող։ ԱԺ-ում միլիոններ են ստանում, իսկ մենք ողջ օրն աշխատում ենք կոպեկներ ենք ստանում։ Բոլորս էլ այս աշխատավարձի հույսին ենք։ Լույսը բացվում է՝ ժամը 9-ից նստում ենք ղեկին, մինչև հաջորդ օրը։ Մենք սպասում ենք, որ գան ու մեր հարցին լուծում տան»,-նշում է նա՝ ավելացնելով, որ բողոքի ակցիայի ընթացքում սպասարկում են միայն ծանր կանչերը։

Վարորդներից մեկն էլ ասում է՝ միայնակ է ապրում, բայց ինքն էլ չի հասցնում կարիքները հոգալ։

«Աղքատավարձ է։ Մի անգամ չի եղել, որ 13-րդ աշխատավարձ ստանանք։ Վարորդների պակաս ունենք, մեքենայի պակաս ունենք, բոլորի տեղն աշխատում ենք։ Մարդիկ ուզում են, գան, ընդունվեն աշխատեն, աշխատավրձի չափն իմանում են ու չեն գալիս։ Եղել է դեպք, որ մեկ օրում մեկ մեքենան 32 կանչ է սպասարկել

Առհամարած ունեն իրանք մեզ, ում ա՞ հետարքրում այն փաստը, որ շտապօգնության մեքենաները կանգնել են։ Ով ա՞ մեզ սպասարկում, ով ա՞ մեզ ղեկավարում, աշխատավարձ տալիս, չգիտենք։ Չգիտե՞ն, որ կանչերն ավելացել են՝ 400-ից 2400 է դարձել ու այս վարչական շրջանը հինգ ավտոմեքենա է սպասարկում, եթե մյուս տեղերում կարիք է լինում, այնտեղ էլ ենք գնում»,-պատմում են նրանք։

Վարորդները նշեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են, պատրաստ են անգամ համակարգից դուրս գալ։

Վարորդների խոսքով, արագ սլանալիս դեպքեր են լինում, որ մեքենան վնասվում է, ծախսերը հոգում են աշխատակիցներն իրենց սեփական միջոցներից։

Վերջին դեպքի ժամանակ մեքենայի ապակիներն են կոտրվել, վարորդներից մեկն է վճարել։