կարևոր
466 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 11:50

Աշխատավարձի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին

Աշխատավարձի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հավելվածի համաձայն՝ որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա երեք տեղակալների, այդ թվում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալների, ինչպես նաև գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնները։

Հիշեցնենք, որ պաշտոնյաների վարձատրության կարգն ու չափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Աշխատավարձի չափը կազմում է պաշտոնի համար սահմանված գործակցի և տվյալ տարվա բազային աշխատավարձի բազմապատիկը։ Հայաստանում բազային աշխատավարձը 66 140 դրամ է։ Գլխավոր դատախազի պաշտոնային գործակիցը 15 է, իսկ տեղակալներինը՝ 11։ Օրինակ՝ գլխավոր՝ դատախազի ամսական աշխատավարձի չափը հասկանալու համար անհրաժեշտ է 66 140-ը բազմապատկել 15-ով, ստացվում է 992 100 դրամ՝ ներառյալ հարկերը։  

Արդարադատության նախարարության առաջարկով՝ նախատեսվում է վերը նշված պաշտոնյաներին տրվող հավելումների չափը գլխավոր դատախազի դեպքում հաշվարկել պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 95% ավելացումով, գլխավոր դատախազի տեղակալի և Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի դեպքում՝ 100%-ով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի դեպքում՝ 90%-ով, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի դեպքում՝ 120% ավելացումով։

Կառավարության որոշման նախագծով՝ այս հավելումները վճարվելու են հիմնական աշխատավարձի հետ միասին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում, այսինքն՝ ամսական առնվազն մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:

Հարկ է նշել, որ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում հիմնավորումը բացակայում է։

Նշենք նաև, որ այս նախագիծը ուժի մեջ կմտնի միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։