կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 11:14

Խայտաբղետ և անհայտ անուններով. «Հրապարակ»

Խայտաբղետ և անհայտ անուններով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ 40 համայնքում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են՝ նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին։ Երեք համայնքում՝ նոյեմբերի 14-ին, 36-ում՝ դեկտեմբերի 5-ին։ Ստեփանավանում մրցելու են ԲՀԿ-ն, ՔՊ-ն եւ ՀԱԿ-ը, Կապանում՝ ՔՊ-ն, «Շանթ դաշինքը», Իջեւանում՝ ՀՅԴ-ն ու ՔՊ-ն: ՔՊ թեկնածուն Արթուր Ճաղարյանն է, ՀՅԴ-ի թեկնածուն՝ անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։

Ստեփանավանում ԲՀԿ-ի թեկնածուն ԲՀԿ տեղական կառույցի երկարամյա ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է, ՔՊ-ի՝ ներկայիս քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ՀԱԿ-ի թեկնածուն՝ ազատամարտիկ, ֆերմեր Վանո Հակոբյանը։ Կապանում ՔՊ-ի թեկնածուն պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանն է։ Թեկնածու է նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ 

Մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին ընտրություններ ընթանալու են նաեւ Լոռվա Լերմոնտովո համայնքում։ Հիշեցնենք, որ մեծամասնական կարգով անցկացվում են ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքներում, որտեղ  ընտրողների թիվը չի անցնում 4 հազարից։ Լերմոնտովոյում երկու անձ է ինքնառաջադրվել` Ռաֆիկ Խառատյանը՝ Անտառաշեն համայնքի ղեկավար, եւ Էդիկ Չախալյանը։

Իսկ դեկտեմբերի 5-ին կուսակցությունների մասնակցության աննախադեպ անշլագ է լինելու: Թերեւս, ոգեւորված նախորդ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, երբ անհայտ կամ որեւէ բանով աչքի չընկնող կուսակցությունները հաղթեցին իշխող ՔՊ-ին, առաջադրվել են 45 հին ու նոր կուսակցություններ եւ դաշինքներ: Բայց այս ընտրությունների թրենդը թեկնածուի անունով դաշինքներն են․ «Դավիթ Համբարձումյան», «Գուրգեն Մարտիրոսյան», «Դավիթ Մինասյան», «Սարգիս Մուրադյան», «Մամիկոն Ասլանյան», «Գագիկ Մաթեւոսյան», «Վարդան Պապյան», «Կարեն Եղիազարյան»։

Սրանք, որպես կանոն, նախկին համայնքապետերն են, որոնք ընտրություններին չեն ցանկանում մասնակցել հայտնի կուսակցություններով։ Մյուս կողմից` պասիվ ու անհայտ կուսակցություններն էլ են շանս ստացել` ՀԱԿ, Անդրիաս Ղուկասյանի Հայ կառուցողական կուսակցություն, «Հայք լիբերալ», կոմունիստներ, սոցիալիստներ, «Արդար Հայաստան», Իրական ժողովրդավարական, «Հայրենատէր», «Կայունություն», «Իմ հզոր համայնք», «Օրենք եւ արդարություն», «Հանուն հանրապետության» եւ այլն։ Մեկ այլ առանձնահատկություն՝ ՏԻՄ-երին չմասնակցեց ՀՀ 2-րդ նախագահի «Հայաստան» դաշինքը, իսկ Սերժ Սարգսյանի կուսակցությունն ուղիղ մասնակցեց միայն Գյումրիում եւ առաջիկայում Շիրակի մարզի Ամասիա համայնքում է մասնակցելու։ Նշենք, որ ցուցակների առաջին համարների անունները եւ ավագանիների կազմը ԿԸՀ-ն կհրապարակի նոյեմբերի 5-ից հետո, երբ տարածքային հանձնաժողովներից ստանան փաստաթղթերը։ Այժմ՝ ավելի կոնկրետ.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված է բոլոր համայնքներում, բացի Սեւանից, որտեղ պաշտպանում են «Մուրադյան դաշինքով» առաջադրվող գործող համայնքապետին։ 

ՀՅԴ-ն առաջադրվել է Արթիկ, Աշտարակ, Մեծամոր, Սեւան, Սպիտակ, Կոտայքի Հրազդան, Նաիրի, Աբովյան համայնքերում։

«Հայրենիք» կուսակցությունն առաջադրվել է Լոռու Վանաձոր, Սպիտակ, Վայոց Ձորի Վայք, Արարատի Արտաշատ եւ Արագածոտնի Աշտարակ համայնքներին։ 
Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն կմասնակցի Արմավիրի Էջմիածին, Գեղարքունիքի Մարտունի, Վանաձոր եւ Հրազդան քաղաքների ընտրություններում։

ԲՀԿ-ն առաջադրվել է Շիրակի մարզի Աշոցքում, Վանաձորում, Փամբակում, Աբովյանում, Ստեփանավանում։

Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» կմասնակցի Վեդիի, Սեւանի, Վանաձորի, Լոռու Թումանյանի, Կոտայքի Նաիրիի, Աբովյանի, Գառնիի, Արթիկի, Եղեգնաձորի, Վայքի համայնքներում։

Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը» մասնակցելու է Փարաքարի, Մարտունու, Վանաձորի, Հրազդանի, Նաիրիի, Արթիկի, Ջերմուկի ընտրություններին։

Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության»-ը՝ Նոյեմբերյանում, Արթիկում, Արմավիրի մարզի Արաքսում, Արարատում։

Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունը՝ Արմավիրի մարզի Խոյ, Շիրակի մարզի Արթիկ համայնքներում եւ Վայքում։

Արզաքանցյանի եւ Ուրիխանյանի «Ալյանսը»` Վանաձորում, Արտաշատում։ 

Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ը՝ Թալին, Արաքս, Խոյ համայնքներում։

Ամենաթեժ կուսակցական մրցակցությունը սպասվում է Վանաձորում, Թալինում, որտեղ առաջադրված է 4 ուժ․ «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք, ՔՊ: Արտաշատում 6 քաղաքական ուժ է առաջադրված․ «Ալյանս», ՀՅԴ, «Հայրենիք», ՔՊ, «Քրիստոնյա Հայաստան», «Օրենք եւ արդարություն»: Արարատում՝ 5 ուժ․ «Իմ հզոր համայնք», «Կայունություն», ՔՊ, «Հանուն հանրապետության», «Ապրելու երկիր»: Վաղարշապատում կմասնակցի 4 ուժ՝ ԼՀԿ, «Էջմիածին» կուսակցությունների դաշինք, ՔՊ, «Հայրենատէր» կուսակցություն։ Նոյեմբերանում էլ միմյանց դեմ առաջադրվել են ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը եւ Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը»։