կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 22:34

Հանդիպել են Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում ավելի քան մեկժամանոց հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահները:

Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ լրագրողները հետաքրքրվում են Բայդենից՝ մտադիր է արդյոք Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել, ինչին Սպիտակ տան ղեկավարն արձագանքում է՝ ինքն ու Էրդողանը ծրագրում են բովանդակալից բանակցություններ վարել:

Էրդողանի վարչակազմը Բայդենի հետ հանդիպումը դրական է գնահատել: Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ նախագահները պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ ամրապնդելու ու զարգացնելու երկու երկրի միջեւ հարաբերությունները: Սպիտակ տան հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ հանդիպմանը Բայդենն Անկարայի հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու եւ տարաձայնություններն արդյունավետ լուծելու ցանկություն է հայտնել:

Նախագահ Բայդենը ընդգծել է երկու երկրի միջեւ պաշտպանական համագործակցության կարեւորությունը ու Թուրքիայի կարեւորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, բայց նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման կապակցությամբ: Նա նաեւ ընդգծել է ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության կարեւորությունը խաղաղության ու բարգավաճման համար:

Քաղաքական գործընթացը Սիրիայում, զարգացումները Լիբիայում, մարդասիրական օգնության առաքումը Աֆղանստան, իրավիճակը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում: Հանդիպման հագեցված ու բազմաժանր օրակարգն ամերիկյան կողմն է բացահայտել: Թուրքական կողմը սահմանափակվել է՝ հայտնելով, որ քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Էրդողանն ու Բայդենը քննարկել են Հարավային Կովկասում տարվող դիվանագիտական ջանքերը: Ահա այսպես, մեր բացակա դիվանագիտության ու սուբյեկտայնության արդյունքում թուրքական դիվանագիտությունը մտավ Հարավային Կովկաս:

Անկարային մտահոգող խնդրի, այն է՝ Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների ձեռքբերման մասին ոչինչ չի ասվում երկու երկրի տարածած հաղորդագրություններում: Այդուհանդերձ, «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում անցկացված ասուլիսին Էրդողանը ասել է՝ Բայդենը դրական է վերաբերվել F-16-ի ձեռքբերման հարցին: Ամեն դեպքում նա չի թերագնահատել Կոնգրեսին, որը կարող է արգելափակել գործարքը Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ դեռեւս ակտուալ տարաձայնությունների պատճառով:

Թուրքիային զենք վաճառելու որոշումը դեռ պետք է ստանա ամերիկացի սենատորների հավանությունը, ու Անկարան սպասում է այս թեմայի վերջնական ավարտին: Բայդենի հետ հանդիպմանը մենք նշել ենք, որ նա կշիռ ունի Կոնգրեսում, եւ մենք ակնկալում ենք, որ նա անհրաժեշտ հետաքրքրություն կցուցաբերի այս հարցում:

Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո մի այսպիսի վերլուծական հոդված է հրապարակվել ռուսական «Ռեգնիում»-ում, ըստ որի՝ Միացյալ Նահանգների առաջնորդի ուղերձն իր թուրք պաշտոնակցին հետեւյալն է՝ դու իմ ընկեր չես, թեեւ դաշնակիցս ես: Այդ հոդվածի համաձայն՝ Վաշինգտոնը բացահայտ կերպով հասկացնում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում իրենց խնդիրները կապված են բացառապես Էրդողանի անձի հետ, որը հավասարակշռում է դաշնակից-թշնամի հարաբերությունները: Հոդվածագիրը, որը լրատվական գործակալության գլխավոր խմբագիրներից Ստանիսլավ Տարասովն է, նաեւ կարծում է, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները դաշնակցային պարտավորությունների վրա չեն կառուցվում: Երկրները պարզապես համագործակցում են ըստ այդ պահի նպատակահարմարության:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: