կարևոր
640 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-01 20:12

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրին շնորհվել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգիր

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրին շնորհվել է Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգիր

Հայաստան-Լիբանան բազմակողմ հարաբերությունների, Սփյուռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակույթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին այսօր շնորհվեց ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր:

Նախաձեռնությունը Արեւելագիտության ինստիտուտինն էր: Ներկայացնելով օրաթերթի գլխավոր խմբագրի գործունեությունը՝ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ասաց, որ Գանտահարյանը տարիներ շարունակ Լիբանանում՝ Մերձավոր Արեւելքի ամենակարեւոր համայնքներից մեկում, իրականացրել է եւ՛ հասարակական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ համայնքային նշանակալի աշխատանք: Նա հատկապես դրվատելի համարեց Գանտահարյանի դերը «Ազդակ» օրաթերթի կայացման գործում:

Շահան Գանտահարյանին պատվոգիրը հանձնեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանը: «Պարոն Գանտահարյանն արժանացել է այս պատվոգրին իր երկարամյա հայանպաստ գործունեության համար: Մենք պետք է մեր խնդիրները դիտարկենք համահայկական չափանիշներով և Հայաստանը հզորացնենք նաև սփյուռքի աջակցության շնորհիվ: Հայը միշտ պետք է վստահ լինի, որ ցանկացած պարագայում կարող է վերադառնալ իր հայրենիք, պետք է հպարտանա, որ  աշխարհի պետությունների շարքում կա Հայաստան, որը զարգանում և հզորանում է: Մենք սրան կարող ենք հասնել համատեղ ջանքերով, մեր բոլորի հնարավորությունները միագումարելով: Մենք պետք է սովորենք աշխարհաքաղաքական նոր պայմաներում տիրապետել բոլոր այն եղանակներին, որոնք օգնում են հզորացնելու մեր երկիրը, պետականությունը, պաշտպանենք մեր տարածքները, մշակույթը, պատմությունը զանազան նկրտումներից: Այդ գործում ձեր նման գործիչների դերը շատ մեծ է: Ես ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեր հայանպաստ գործունեության մեջ, իսկ Լիբանանին, որը  մեզ շատ է օգնել, կայունացում և հզորացում եմ ցանկանում», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, շնորհավորելով Շահան Գանտահարյանին, ասաց. «Արևելագիտության ինստիտուտի համար պատիվ էր նման նախաձեռնությամբ հանդես գալ և գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անունից այս պատվոգիրը շնորհել ձեզ հայրենանվեր գործունեության համար, որը դուք տարիներ շարունակ ծավալել եք:

Օրաթերթն՝ իր լրատվական համայնքով, մշակութային կարեւորագույն կենտրոններից մեկն է դարձել Լիբանանում: Մեզ համար մեծ պատիվ է ակադեմիայի նախագահության անունից պարոն Գանտահարյանին պատվոգիր շնորհել իր հայրենանվեր գործունեության, Հայաստան-Լիբանան հարաբերությունների սերտացման եւ խորացման համար»,-ասաց Ղազարյանը՝ նշելով, որ պատվոգրի շնորհման գործընթացը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սարյանը եւ ակադեմիայի հասարակագիտության եւ հայագիտության բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

«Ազդակ» օրաթերթն իր գործունեության համար բազմաթիվ մրցանակներ ու պատվոգրեր է ստացել, սակայն ՀՀ ԳԱԱ-ի շնորհածն առանձնահատուկ նշանակություն ունի Գանտահարյանի համար:

«Այն պարտավորեցնող է՝ տարբեր իմաստներով: Սա արժեւորում է մեր թերթի գործունեության, Հայ Դատի խնդիրները բարձրացնելու եւ լուսաբանելու, Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ավելի խորացնելու եւ իրադարձությունները ճիշտ լուսաբանելու առումներով: Իբրեւ համահայկական եւ քաղաքական մտածողություն՝ մենք անպայման պետք է հաշվի նստենք ակադեմիայի ինստիտուտների հրապարակած ուսումասիրությունների, նոր տեսակետների, ամենահրատապ ու այժմեական իրադարձությունների հետ: Այս իմաստով անփոխարինելի է ակադեմիայի դերը, եւ ամեն ինչ պետք է արվի ակադեմիայի նախագահության եւ նրա ինստիտուտների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասաց Գանտահարյանը: