կարևոր
14938 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 20:09

Պատերազմի 36-րդ օրը պաշտոնական աղբյուրները հանրությանը ոգեւորեցին վարձկան ահաբեկիչներ գերեվարելու մասին լուրերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 36-րդ օրը պաշտոնական աղբյուրները մեկը մյուսի հետեւից հանրությանը ոգեւորեցին վարձկան ահաբեկիչներ գերեվարելու մասին լուրերով, նշելով, որ թշնամու միակ հույսը մնացել են վարձու զինվորները: Սիրիացի ահաբեկիչը հրապարակված տեսանյութում փաստում է, որ իրենց ամսական  2 000 ԱՄՆ դոլար են խոստացել հայերի դեմ կռվելու համար:

Մինչ Արծրուն Հովհաննիսյանը ոգեւորված հայտարարում էր, որ Ադրբեջանի միակ հույսը վարձկան ահաբեկիչներն էին, այդ ընթացքում թշնամին կիրառում էր միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ: Ապացույցները բազմաթիվ են: Արգելված ֆոսֆորային զինատեսակը ոչնչացնում էր իր շուրջն ամեն ինչ: Թշնամին հատկապես թիրախավորել էր Արցախի անտառածածկ տարածքները, որը շատ դեպքերում մարդկանց համար նաեւ ապաստարան էր՝ անդառնալի վնաս պատճառելով թե՛ բնությանը եւ թե՛ մարդկությանը:

Արտերկրում նույնպես թշնամին ամեն կերպ փորձում էր ոչնչացնել հայկական մշակույթը: Ֆրանսիայի Դեսին քաղաքում թուրքերը պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը, եւ Հայկական հիշատակի ազգային կենտրոնը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Նրա հրապարակած լուսանկարներում երեւում են հուշակոթողի եւ դրա հարեւանությամբ գտնվող կենտրոնի պատերի վրա թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման ստորագրությունը: Լուռ էին բոլորը: Հայաստանում գործող եզակի կառույցներից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր պարբերաբար արձագանքում եւ դատապարտում թշնամու կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտումը:

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»:

Հակառակ Արման Թաթոյանի սթափեցնող հորդորներին՝ ՔՊ-ական Վահագն Թեւոսյանի համար պատերազմի 36-րդ օրը ամենից առաջնայինը հոգեկան հանգստությունն էր: Իսկ այդ հանգստությունը, նրա կարծիքով, կարող են ձեռք բերել պատերազմի մասին մոռանալով եւ քաղաքից դուրս հանգստանալով: Այդպես մոռանալով պատերազմի մասին կորցրինք հայրենիքի մի մասը:

«Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետեւ դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք, կարծես, շախմատային պարտիայի, որը շուտեվ իր տրամաբանական ավարտին պետք է հասնի:

Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատեւ պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք: Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետեւ վաղը նորից պատերազմ է»:

Հայաստանի իշխանության համոզիչ, բայց անկատար խոստումների շարքը լրացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա վստահեցնում էր, որ բոլոր տեղահանված արցախցիների կեցության հարցը անպայման լուծվելու է, եւ ոչ ոք դրսում չի մնա: Սակայն մինչ օրս այդ հարցը մնում է չլուծված:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։