Այսօր մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդարյանի ծննդյան 150-ամյակն է:
Հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում 1871 թվականի նոյեմբերի 1-ին։
7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ:
1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը: Մոսկվայում շարունակել է ջութակի դասեր վերցնել Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց: Նրա երաժշտական զարգացման համար չափազանց մեծ նշանակություն է ունեցել մասնակցությունը ուսանողական սիմֆոնիկ նվագախմբին:
1896-1900թթ Պետերբուրգում աշակերտել է նշանավոր կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովին: Հետագայում ապրել է Ղրիմում, ուր ծավալել է երաժշտական-հասարակական բուռն գործունեություն: Յալթայի նրա տունը դառնում է մշակութային կենտրոն, ուր հաճախ եղել են Գորկին, Չեխովը, Գլազունովը, Արենսկին, Շալյապինը: Այստեղ կազմակերպվում էին երաժշտական երեկոներ, որոնց ժամանակ ելույթ էին ունենում թե´ մասնագետ, թե´ ժողովրդական կատարողներ:
1916թ. «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով հեղինակային համերգով այցելել է Թիֆլիս: Իսկ 1924թ., Հայաստանի կառավարության հրավերով, փոխադրվել է Երևան, իսկ դեկտեմբերի 10-ին, Երևանում կայացել է աոաջին սիմֆոնիկ համերգը նրա ղեկավարությամբ: 1926թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Հիմնադրել է Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը։
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։ Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը մահացել է 1928 թ. մայիսի 7-ին Երևանում: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվել է ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում: