կարևոր
1423 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 14:47

«Վնգստացող դատավորներ» արտահայտության համար Փաշինյանը կենթարկվի պատասխանատվության

«Վնգստացող դատավորներ» արտահայտության համար Փաշինյանը կենթարկվի պատասխանատվության

2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, և ժամանակ առ ժամանակ հիշեցվում է տարբեր հանրային գործիչների կողմից։ 

«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ բացի քաղաքական քննարկումներից, այն հանգեցրել է նաև որոշակի իրավական գործընթացների։ Մասնավորապես «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից պարզ է դարձել, որ դեռևս 2019 թվականին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության կողմից դիմում էր ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, նշված արտահայտությունը կատարելով, թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում։ Հանձնաժողովը վարույթ չէր ընդունել դիմումը, և նույն ՀԿ-ն այդ գործողությունը վիճարկել էր դատարանում՝ խնդրելով պարտավորեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նշված փաստով հարուցել վարույթ։

Եվ ահա շուրջ երկու տարի անց այս դատական վեճը ստացել է իր վերջնական հանգուցալուծումը։ Առաջին ատյանի դատարանը դեռեւս 2020թ․ օգոստոսի 24-ի վճռով բավարարել էր «Քաղաքացիական գիտակցության» հայցը, այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում, որը 2021թ․ մայիսի 26-ի որոշմամբ առաջին ատյանի վճիռը թողել էր անփոփոխ։ Այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, սակայն 2021թ․ սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր Հանձնաժողովի բողոքը վարույթ ընդունելը՝ վերջնականապես լուծելով այս դատական վեճը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսպիսով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստիպված է լինելու վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության համար ու նրան ենթարկել պատասխանատվության։