կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 14:13

Երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ՞. Արծվիկ Մինասյանը հակադարձեց փոխոստիկանապետին

Երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ՞. Արծվիկ Մինասյանը հակադարձեց փոխոստիկանապետին

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ինչ գնահատական է գալիս ոստիկանների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ դաժան վերաբերմունքի տեսարաններին, այդպիսի ոստիկանները պատասխանատվության ենթարկվո՞ւմ են։

«Հայաստանում ականտես ենք լինում ամենատարբեր գույնի բերետների գործունեությանը, որոնք աչքի են ընկնում առավել դաժան վերաբերմունքով: Այս մասով քանի՞ ծառայողական քննություն է իրականացվել, պատժվե՞լ են արդյոք այն ոստիկանները, որոնք դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ»- Արծվիկ Մինասյանը հարցն ուղղեց փոխոստիկանապետին:

Փոխոստիկնապաետ Արա Ֆիդանյանը հորդորեց, ոստիկանության գործողությունների մասին խոսելիս զերծ մնալ «դաժանություն» բնութագրումից, քանի որ ոստիկանության ծառայողները կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները: Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց՝ «մանկահասակ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ վերաբերմունքը դաժանություն չէ՞, ապա շատ ավելի խիստ ու կոպիտ բառեր կարելի է ասել, կամ, երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ՞»: Արա Ֆիդանյանն էլ ասաց, որ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքով առկա է քրեական գործ.

Փոխոստիկանապետը հավելեց, որ 2021 թվականի ինն ամսվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող, 329-ը ստացել է նկատողություն, 54-ը՝ խիստ նկատողություն, մեկ ծառայողի պաշտոնային դրույքն իջեցվել է մինչև երեք ամիս, 28 ծառայող ազատվել է ծառայությունից: