ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանը բացարկի միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, որին մակագրվել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։
Պաշտպանության կողմը պատահական չի համարում Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը Դավիթ Արղամանյանին մակագրելը։
«Ոչինչ պատահական չի լինում այն քրեական գործերով, որոնք ունեն քաղաքական երանգ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Հովսեփյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, հետևաբար, այստեղ առկա են քաղաքական դրդապատճառներ։ Ինչ վերաբերում է դատավոր Դավիթ Արղամանյանին, ապա այն, որ վերջինս է քննելու պարոն Հովսեփյանի խափանման միջոցի հարցը, բնականաբար, որևէ պատահականություն չկա։ Շատ հստակ է, որ պարոն Հովսեփյանի կալանքը պետք է լսի մի անձնավորություն, որը պատրաստ է իշխանությունների համար կայացնել որոշում, որը հաճո է իշխանություններին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ արդեն կանխատեսելի է, թե ինչ որոշում կկայացնի Արղամանյանը։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ պաշտպանության կողմն ունի փաստարկներ, որոնք վկայում են այն մասին, որ Դավիթ Արղամանյանը չի կարող այս գործով լինել անաչառ, օբյեկտիվ և անկողմնակալ, քանի որ Արղամանյանը մինչև դատավոր դառնալը բազմիցս քաղաքական գրառումեր է կատարել, քննադատել դատական համակարգը՝ այն անվանելով կոռումպացված։
«Պարոն Հովսեփյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր դատախազի և ՔԿ նախագահի պաշտոնը։ Հետևաբար, եթե առաջնորդվենք պարոն Արղամանյանի տրամաբանությամբ և հիմք ընդունենք նրա կարծիքը, ապա ստացվում է, որ պարոն Հովսեփյանը ևս կոռումպացված է»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ անկողմնակալ դիտորդի մոտ Դավիթ Արղամանյանը չի կարող երևալ որպես օբյեկտիվ և անաչառ դատարան։
Բացի այդ՝ Արղամանյանն ունեցել է կոնկրետ քաղաքական կողմնորոշում, եղել է «Իմ քայլը» խմբակցության իրավախորհրդատուն։
Դատարանն արդեն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։
Աղվան Հովսեփյանը նիստին չի մասնակցել, քանի որ գտել են, որ Աղվան Հովսեփյանը չպետք է մասնակցի այս դատավորի նախագահությամբ քննարկվող հարցին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու: