կարևոր
484 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 13:05

28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Կովսականը

28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Կովսականը

28 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, հաղթական ավարտին հասավ նախկին շրջկենտրոն Զանգելանի (Կովսական) ազատագրման ռազմագործողությունը։ Խուճապահար թշնամին Արաքսով գետապուրծ եղավ դեպի Իրան։

1993 թ․ այս օրը հայկական զինված ուժերը վերջնական վերահսկողություն հաստատեցին նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ կազմի մեջ գտնվող Զանգելան շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի նկատմամբ։ Դրանով ավարտին է հասել Արցախի և Սյունիքի հարավային և հարավարևելյան սահմանների ամբողջացումը։ 

Զանգելանի ազատագրման ռազմագործողությանը մասնակցել են Պաշտպանության բանակի Հադրութի (հրամ․՝ Արթուր Աղաբեկյան), Մարտունու (հրամ․՝ Մովսես Հակոբյան), Շուշիի (հրամ․՝ Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների, կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների, 5-րդ մոտոհրաձգային բրիգադի (հրամ․՝ Մանվել Գրիգորյան), «Սիսական» (հրամ․՝ Հովիկ Ազոյան), «Արաբո» (հրամ․՝ Մանվել Եղիազարյան), «Սև հովազ» (հրամ․՝ Ռուստամ Գասպարյան) և ՀՀ տարբեր շրջաններից կամավորագրված մարտիկներից բաղկացած համախումբ ուժերը։ 

Ազատագրումից հետո՝ վերաբնակեցմանը զուգընթաց, ենթաշրջանի բնակավայրերի մեծ մասին վերադարձվել են իրենց պատմական անունները։ Առաջինը 1995 թ․ օգոստոսի 8-ին վերաբնակեցվել է Միջնավան քաղաքը (նախկինում՝ Մինջիվան), այնուհետև արդեն վերջինից հյուսիս ընկած Կովսականը։ Որպես վարչատարածքային ենթակազմավորում՝ Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքը կազմավորվել է 1998 թ․-ի հոկտեմբերի 9-ին՝ նախկին Զանգելան քաղաքի, ինչպես նաև Մաշադի Իսմայիլլի և Քեչիկլու գյուղատեղիների հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Կովսական քաղաքից, ինչպես նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերից։ 1998 թ․-ից Կովսական քաղաքում գործում է Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցը, 2014 թ․-ից՝ մանկապարտեզը և տեղամասային հիվանդանոցը։ Դպրոց է գործում նաև Դիցմայրի գյուղական համայնքում։

Կովսականը՝ Մեծ Հայքի Սիսական աշխարհի Կովսական գավառի երբեմնի բնակավայրերից մեկը, հնում կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Հիմնականում տարածված էր Արաքսի ձախակողմյան վտակներ Ծավի, Ողջիի ավազաններում՝ բարձրադիր սարահարթերից իջնելով հարթավայր: Գավառի մասին առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացույց»-ում՝ որպես Սյունիքի հարավարևելյան գավառներից մեկը, որը տարածվում է մինչև Նակորզան քաղաք:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հրապարակել է լուսանկար և գրել.

«2020 թ․ նոյեմբերի 10-ից ՀՀ իշխանությունը զավթած կոլաբորացիոնիստական ռեժիմի պարագլուխ-կապիտուլյանտի համաստորագրած եռակողմ հայտարարությամբ Կովսականը ժամանակավորապես հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայի տակ։

Հ․Գ․ Նկարն արվել է 2016 թ․ ամռանը Կովսականի դպրոցում։ Հատուկ եմ սա տեղադրում՝ ի հերքումն այն անասնաբարո և թրքահաճո թեզի, թե «էդ տարածքներում ոչ մի բան չի արվել 30 տարի»,-գրել է Էլբակյանը։