կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-01 12:01

Գործադիրը նախատեսում է ավելացնել Ազգային անվտանգության ծառայության բյուջեն

Գործադիրը նախատեսում է ավելացնել Ազգային անվտանգության ծառայության բյուջեն

2022թ.-ի բյուջեով նախատեսվել է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել ավելի քան 42,6 միլիարդ դրամ։ Ազգային անվտանգության ծառայության շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր 11 միջոցառմամբ։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ 2021թ.-ի պետբյուջեից ԱԱԾ-ին հատկացվել էր ավելի քան 34,7 մլրդ դրամ։ Այսպիսով, հատուկ ծառայությունների ֆինանսավորումը կավելանա 22,85 տոկոսով։

ՀՀ ոստիկանությանը 2022 թվականի բյուջետային նախագծով նախատեսված է հատկացնել 66 միլիարդ 585,6 միլիոն դրամ։ Նախարարի խոսքով՝ «ըստ նախագծի՝ 2021 թվականի հաստատված բյուջեն կազմել է 64 միլիարդ 562 միլիոն դրամ»։

Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված գումարները կկրճատվեն. 2022 թվականին ծրագրվում է ԱԻՆ շրջանակում իրականացնել 6 ծրագիր՝ 9 միջոցառումով։ Այդ նպատակով պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 13,9 միլիարդ դրամ։ 2021 թվականին այս կառույցին պետբյուջեից հատկացվել էր շուրջ 14,2 մլրդ դրամ։

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում Արտակարգ իրավիճակների, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված եկամուտներ և ծախսեր բաժինը:

ժամը 12:00-ին էլ նախատեսված է պաշտպանության եւ անվտանգության հարցերի և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, որտեղ կքննարկվեն պաշտպանության և պետական ռեզերվների համար բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: