Հոկտեմբերի 30-ին, ժամը 12-ին, Բյուրականում տեղի է ունեցել «Անմահ խիզախներ» հուշարձանի բացումը՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության հովանավորությամբ եւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ- ի վարչության կազմակերպությամբ։
ՀՄԸՄ-ի Արևմտյան շրջանի մի խումբ եղբայրների բարերարությամբ կառուցված այս հուշարձանը նվիրված է արցախյան վերջին պատերազմին զոհված ՀՄԸՄ-ականների հիշատակին եւ տեղադրված է Բյուրականի բանակավայրի «Խիզախների պուրակ»-ի մեջ։
Հուշաձանի բացման հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Բագրատ Եսայանը, «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամներ, նիստերին հրավիրված ՀՄԸՄ-ի Մոսկվայի եւ Թիֆլիսի մասնաճյուղերի ատենապետեր, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության ներկա եւ նախկին անդամներ, սկաուտներ եւ նահատակների ծնողներ։
Նույն օրը ժամը 13:30-ին, ՀՄԸՄ-ի Բյուրականի բանակավայրի մուտքի մոտ տեղի ունեցավ անվանակոչության արարողություն: Բյուրականի սկաուտական բանակավայրն անվանակոչվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի անվամբ, ում մեծ ջանքերով և նվիրումով էլ հենց հիմնվել էր բանակավայրը:
ՀՄԸՄ-ի համահայկական կառույցի վերջին քառորդ դարի ամենից հեղինակավոր դեմքերից եղբ. Գառնիկ Մկրտիչյանը ծնվել է 1962թ.-ի ապրիլի 10-ին։ Ավելի քան 40 տարի Գառնիկ Մկտիչյանը ծառայեց, գործեց ի շահ հայ ազգի։ Վերջին տասնամյակներին եղավ ՀՄԸՄ-ի շրջիկ դեսպանն աշխարհում: Մեկ առ մեկ այցելեց Միության բոլոր մասնաճյուղերը, խրախուսեց բոլորին, ստեղծեց նոր մասնաճյուղեր եւ իր կյանքի մեծագույն երազը՝ Միութեան 100-ամյակը ծրագրեց, կազմակերպեց եւ իրագործեց ազգային-պետական շուքով, փառքով ու պատվով։ 2018 թվականը հոբելյանական էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության: Լրացավ 1918թ. Կ. Պոլսում հիմնադրված կառույցի մեկդարյա հոբելյանը, որը մեծ շուքով նշվեց աշխարհի տարբեր քաղաքներում, իսկ միջոցառումների գագաթնակետը կայացավ հուլիսի 19-29-ը Հայաստանում:
Գառնիկ Մկրտիչյանը կյանքին հրաժեշտ տվեց 2021թ.-ի հունվարի 6-ին: Նա հետմահու արժանացավ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության «Արժանեաց» եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ասպետ»-ի շքանշաններին։