կարևոր
670 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-01 15:35

Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել։ Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825-Ն որոշմամբ: