կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 09:20

2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար. «Ժողովուրդ»

2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կրթական օջախներն ու ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին մշտապես է խոսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը ՀՀԿ-ականացնելու համար: 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին նույնպես, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած, ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի ուսանողները, հանուն ուսման վարձի փոխհատուցման, չպետք է վիզ ծռեն ՀՀԿ երիտասարդական կառույցների առջև, խնդրեն վարձը փոխանցել ու դրա դիմաց Հանրապետականի շարքերը համալրեն: «Բուհի ուսանողը գնում է հանրահավաքին թռուցիկ բաժանելու, ասում են՝ էս ինչ եք անում, բուհերը մի՛ քաղաքականացրեք, բայց ոչ ոք չի ասում, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: Գնում ենք, որևէ բուհ ենք մտնում, ասում են՝ դուք օրենքը խախտեցիք, իսկ օրենքը հետևյալն է՝ պատկերավոր ասած՝ բոլորը բուհերը պատկանում են ՀՀԿ-ին, ու արգելվում է այս օրենքը կասկածի տակ դնել»,- ընդգծում էր Փաշինյանը: Բոլոր բուհերը, բարձրագոչում էր Փաշինյանը, պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան: Ապաքաղաքական բուհերի մասին նաև Փաշինյանի խորհրդական, նախկինում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն էր խոսում: 2019-ի փետրվարին արդեն խոսում էր, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Թե ինչ հիմքով էր Հարությունյանը նման խրոխտ հայտարարություն անում, հայտնի չէ:

Ըստ երևույթին, նա նկատի ուներ, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդը ապահանրապետականացվել է, բայց ՀՀԿ-ականներին փոխարինելու են եկել ՔՊ-ականները կամ իշխանության հետ փոխկապակցված անձինք: Փաստն այն է, սակայն, որ իշխանափոխությունից հետո բուհերն ապաքաղաքականացվելեն, եւ փոխարենը նոր՝ ՔՊ-ական ժամանակներ են թևակոխել: Երևանի պետական համալսարանում, օրինակ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է նշանակվել, իսկ ԵՊՀ հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն են համալրել։ Թե որքանով են վերոնշյալ անձինք ապաքաղաքական ու ինչ կապ ունեն իշխանության կամ Փաշինյանի կաբինետի հետ, թողնում ենք ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների դատին:

Նիկոլ Փաշինյանը խիստ վստահ տոնայնությամբ հայտարարում էր նաև բուհերի ինքնավարությանը հասնելու մասին: «Բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման,- շեշտում էր նա ու հավելում։- Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը, սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհերի ուսանողների ու դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»:

Այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, սակայն, բավական հուզիչ էր: Բուհերը ոչ միայն ինքնավարություն չստացան, այլև «Բարձրագույն կրթության մասին» օրենք մշակողներն ու ոլորտի պատասխանատու նախարարը սկսեցին հայտարարել, որ բուհերն իրականում պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում: Փաստորեն, իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականացվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ էին: 2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30.10.21թ համարում։