«Ասում է՝ հրաման եմ տվել, որ զորքերը հետ քաշվեն, որպեսզի ստրատեգիական նշանակության ճանապարհները չկորցնենք։ Որքանով ինձ է հայտնի, այս պահին Գորիս-Կապան ճանապարհի առնվազն մի հատվածը գտնվում է Ադրբեջանի տնօրինության ներքո»,- «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սյունիքի դիրքերից, բարձունքներից հայկական զորքերի հետքաշման հրամանը ինքն անձամբ է արձակել։
Պատգամավորը ընդգծեց, որ Գորիս-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհի հատվածը միակ կորուստը չէ, որն այս ընթացքում՝ Փաշինյանի արձակած հրամանից հետո, կրել է Հայաստանը։
«Կապան-Ճակատեն ճանապարհը, որը ևս ռազմավարական նշանակության ճանապարհ է՝ հաշվի առնելով, որ դեպի Մեղրի տանող մեր այլընտրանքային ճանապարհն է և որի վրա մի քանի գյուղեր կան, ևս անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հետևաբար, այն պնդումը, որ նա դա արել է, որպեսզի չկորցնենք ռազմավարական նշանակության ճանապարհները, մեղմ ասած, անհեթեթ է և անհնար է արդարացնել»,- շեշտեց Աննա Գրիգորյանը։