կարևոր
1609 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-29 12:25

Պատերազմի արհավիրքն անցել է Անդրանիկ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում է հանձնաժողովի ստեղծումից. Արամ Վարդևանյան

Պատերազմի արհավիրքն անցել է Անդրանիկ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում է հանձնաժողովի ստեղծումից. Արամ Վարդևանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։

«Քննիչ հանձնաժողովից ի՞նչ սպասելիքներ ունեք, քանի որ այն, ըստ երևույթին, ստեղծվել է, որպեսզի բացահայտի պատերազմի ձախողման հիմնական մեղավորներին: Հիմա ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ ունեք»:

Լրագրողի կողմից հնչեցված հարցին ի պատասխան Արամ Վարդևանյանն ասաց.

«44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, որովհետև Ազգայի ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, իշխանական խմբակցության դիրքավորումից ելնելով, ունի մեկ վճռական ելակետ, և դա Արթուր Ղազինյանին չընտրելն է, Դոնթի բանաձևի անտեսումն է:

Եթե նկատել եք, մշտական հանձանժողովը, օրինակ այն հրատապ քննարկումը, որը մենք կազմակերպեցինք Ազգային ժողովում, որտեղ, իհարկե, բարձրաստիճան, պետական և քաղաքական պաշտոնյաների փոխարեն եկել, ներկայացել էր ԳՇ պետի առաջին տեղակալը, սահմանապահ զորքերի հրամանատարը, երբ փոխարենը պետք է ներկայանար, օրինակ, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը ԱԱԾ տնօրենը. նման ձևաչափով քննարկում դուք տեսե՞լ եք, իհարկե՝ ոչ: Քանի որ ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի նախագահը, իմ տպավորությամբ, օբյեկտիվորեն նաև ունի որոշակի կաշկանդվածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում վերջինս հենց «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր: Հենց այդ ընթացքում շատերդ իրեն Ազգային ժողովում հարցեր եք տվել ինքն էլ պատասխանել է, պարզ է չէ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ, այդ 44-օրյա պատերազմի արհավիրքը անցել է նշված անձի անմիջական մասնակցությամբ, և դա է պատճառը, որ խուսափում են դրա ձևավորումից, խոստանում են, որ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծեն, բայց մինչ օրս ստեղծված չէ, խուսափում են ցանկացած նորմալ քննարկումից այդ նույն մշտական հանձնաժողովում, որ, օրինակ կանչեին, հասկանաինք ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմաններին, փոխարենը ընդդիմադիր խմբակցություններն են նախաձեռնում դրա հրատապ քննարկումը: Իրականում այդ ամենի կարիքը չպետք է լիներ, և մենք պետք է տեսնեինք, որ այդ մշատական հանձնաժողովում ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են կատարվում, բայց, իհարկե, դա չկա»,-ասաց Վարդևանյանը: 

Արամ Վարդևանյանը, անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ձևավորմանը, ասաց, որ այն ձևավորվել է արդարադատաքննության մասով և իրավունքի ուժով է ստեղծվել: Որպես դրական հանգամանք՝ նա նշեց, որ նշված հանձնաժողովի կազմի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչը ավելի հանգիստ և անկաշկանդ միջավայր է ստեղծում բոլոր պատասխանատուների համար, և կարող են բաց խոսել քննիչ հանձնաժողովի առջև: 

«Եթե չգան և չխոսեն, հաշվի առեք, որ այդ բոլոր խնդիրները, որոնք մենք մեր առջև դրել ենք, այնուամենայնիվ, լուծելու ենք, և դրա վերաբերյալ լինելու է զեկույց»,-շեշտեց պատգամավորը:

Վարդևանյանը հայտնեց՝ վստահ է, որ «Հայաստան» խմբակցության իրավաբան իր գործընկերները, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցելու են աշխատանքներին, և ամենաուշը 3-4 ամիս հետո կներկայացնեն զեկույց համակարգչային մակագրման այդ համակարգի խաթարման և դրա փաստացի խլելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորների նկատմամբ սելեկտիվ կարգապահական վարույթների վերաբերյալ զեկույց:

«Այդ զեկույցը կհրապարակվի, հասու կդարձվի միջազգային կազմակերպություններին, որոնք լռության ուխտ են պահում այսքան ժամանակ»,- իր խոսքը եզրափակեց Արամ Վարդևանյանը: