Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նշել է, որ առաջնագծում ստեղծված իրավիճակը շարունակվում է հանրությունից թաքցվել։
«Փաստացի Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ պատերազմից առաջ փորձագիտական շրջանակների, գլխավոր շտաբի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի համար տեսանելի գործոններից բացի, որոնք ցույց էին տալիս, որ պատերազմն անխուսափելի էր, եղել էր նաև վստահություն առաջացնող ռադիոկլանում։
Այսինքն, ադրբեջանական կողմից կլանվել էր տեղեկատվություն, ինչը հաստատում էր, որ պատերազմ է սկսվելու։ Ստացվում է՝ այս գործոնների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավիճակին համահունչ գործողություններ չեն իրականացրել, ինչով հիմք է դրվել պատերազմում մեր պարտությանը»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակների համար նախատեսված մեխանիզմները չեն աշխատել, ինչը նշանակում է՝ պետությունը և զինված ուժերը չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը։