Մեր կողմից արած ցանկացած առաջարկություն, որը կարմիր գծերը հաղթահարելու տեսք է ունեցել՝ մերժել են,- խորհրդարանական ճեպազարույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընդդիմության առաջարկած Արցախի մասին հայտարարությանը, որը չընդունվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Մինասյանը նշեց, որ առնվազն մեկ օր ուներ մեծամասնությունը առաջարկություն ներկայացնելու համար։
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայտարարության մեջ մի քանի կարմիր գիծ կար։ Առաջինն այն է, որ ոչ միայն միջազգային հանցագործություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլև Արցախի տարածքն է օկուպացվել։ ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման, ինչպես նաև ամրաշինական աշխատանքների հստակ փորձ է կատարվում։
«ՀՀ որևէ իշխանություն, որևէ պաշտոնատար անձ չի կարող բանակցել գրավոր կամ բանավոր համաձայնություն տալ հակառակ 1992 թվականի հուլիսի 8-ի ԱԺ որոշման, որով արձանագրված է, որ որևէ ձևով ՀՀ-ի համար անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը և Հայաստանի Հանրապետությունն պետք է ապահովի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Նաև այն, որ չի կարող ՀՀ տարածքի որևէ փոփոխություն տեղի ունենալ առանց հանրաքվեի»։
Մինասյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միջազգային գործողություններ պետք է ձեռնարկել՝ դատապարտման և միջազգային հետապնդման պատասխանատվության ենթարկելու առումով, քանի որ առ այսօր Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները բռնի անհետացածների և գերիների մասով։
Ադրբեջանը նաև միջազգային հանրության առջև միակողմանիորեն խեղաթյուրված տեղեկություններ է հաղորդում՝ նսեմացնելով ՀՀ-ի միջազգային հեղինակությունը։