կարևոր
577 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 18:28

Ինչու՞ ԶԼՄ-ն նման վարժություն կատարի. թող պետությունը պայքարի անանուն դոմեյնների դեմ․ Արամ Վարդևանյան

Սկզբից պետք է պայքարել ֆեյքերի ու անանուն դոմեյնների դեմ, որից հետո նոր ասել՝ ԶԼՄ-ն ի՞նչ պետք է անի։ ԱԺ-ում «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«ԶԼՄ-ն ի՞նչ վարժություն պետք է կատարի, որ իմանա՝ որն է չնույնականացվող աղբյուր։ Առհասարակ ինչու՞ ԶԼՄ-ն նման վարժություն կատարի։ Թող պետությունն այդ վարժությունը կատարի ու պայքարի անանուն դոմեյնների դեմ»,-նշեց պատգամավորը։

Արամ Վարդևանյանը ասաց, որ փոփոխություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189-րդ հոդվածում։ Նախկին իշխանությունների ժամանակ տվյալները ճիշտ չգրելու համար Արդարադատության նախարարությունը կարող էր լրատվամիջոցներին տուգանել, իսկ տուգանքի չափը 10 հազար դրամ էր։

«Քանի որ ՀՀ-ն վերջին 3 տարվա ընթացքում ունեցել է ոչ թե թռիչքաձև, այլ շատ ավելի մեծ մի կենդանի չափերի տնտեսական աճ, ԶԼՄ-ներն արդեն պատասխանատվության են ենթարկվելու 300 հազար դրամից մինչև 500 հազար դրամի չափով։ Սրա տրամաբանությունը ո՞րն է։ 10 հազար դրամն ինչպե՞ս դարձավ 500 հազար դրամ։ Եթե ուզում եք պատասխանատվության ենթարկել և թիվն էլ խստացնել՝ տասնապատիկը դարձրեք քսանապատիկ, բայց 300 հազարից 500 հազա՞ր։

Խոսքի ազատությունը սահմանադրական ամենակարևոր երաշխիքներից է։ Այն ժողովորդավարության սկզբունքի պարտադիր բաղադրիչներից մեկն է։ ՍԴ-ն դեռևս 2011 թվականին որոշում էր ընդունել, որով շատ կոնկրետ շեշտադրումներ էր կատարել, թե որքան զգույշ պետք է լինի պետությունը, երբ խոսքը գնում է ԶԼՄ գործունեությանը միջամտելուն։ Բայց այս դեպքը բնավ լավ կարգավորման մասին չէ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։