կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 17:53

Նախկին լրագրողներ, այժմ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են լրատվամիջոցներին առավել խիստ պատասխանատվության ենթարկել

Նախկին լրագրողներ, այժմ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են լրատվամիջոցներին առավել խիստ պատասխանատվության ենթարկել

ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար: Նշենք, որ նախագիծը հեղինակել են իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը:

Այս պահին գործող օրենքով տեղեկատվության համար պատասխանատվություն կրում է սկզբնաղբյուր կայքը:

Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց նախագծի համահեղինակ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորներն առաջարկում են նույնականացման տվյալների առկայությունը սահմանել նաև առցանց տիրույթում գործող ԶԼՄ-ների պարագայում: Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում, եթե դրանք պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն, ապա լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից:

Նախագծով առաջակվում է սահմանել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել:

Զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (300 հազարից 500 հազար դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով (500 հազարից 700 հազար դրամ):

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով` (200 հազարից 400 հազար դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով( 300 հազարից մինչև 600 հազար դրամ):

Հիշեցնենք, որ լրագրողական շուրջ 10 կազմակերպություն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման գումարները մեծացնելու մասին օրենքին:

Օրեր առաջ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նախաձեռնել էին քննարկում լրատվամիջոցների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խնդրահարույց օրինագծի շուրջ և նշել, որ իշխանական պատգամավորների հերթական նախագծով նոր տուգանքներ են նախատեսված լրատվամիջոցների համար: