կարևոր
3100 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 17:28

Նախ ասպիրանտուրա ընդունվելու, ապա, երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո, Վահան Կոստանյանն այժմ էլ անհայտ պատճառներով ազատվել է պարտադիր զինծառայությունից

Նախ ասպիրանտուրա ընդունվելու, ապա,  երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո, Վահան Կոստանյանն այժմ էլ անհայտ պատճառներով ազատվել է պարտադիր զինծառայությունից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը:

Պատգամավորը շեշտեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը: Նա երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից:

«Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց` ազատվել է հիվանդության հիմքով:

«Դուք կարող եք դիմել այդ քաղաքացուն և նրա թույլտվության պարագայում տեղեկանալ ազատման մանրամասների մասին»,-ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նշենք, որ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր, սակայն շարունակել է կատարել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի գործառույթները: 

Հիշեցնենք, որ ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի իշխանափոխությունից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք:

Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ Քաղաքացիական պայմանագրի մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից ԱԺ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:

Այդ ողջ ընթացքում որեւէ գիտական հոդված չի տպագրել, քննություններ չի հանձնել, ինչի հետեւանքով էլ երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ այս տարվա մայիսին դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, հետևաբար՝ այլեւս չի օգտվում տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն։