կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 16:18

Ազատ խոսքը 2018 թվականի գարնանից սկսած նոր մարտահրավերների առաջ կանգնեց. Արեգնազ Մանուկյան

Ազատ խոսքը 2018 թվականի գարնանից սկսած նոր մարտահրավերների առաջ կանգնեց. Արեգնազ Մանուկյան

«Երկու օրից հայերի երկիրը հինգ անգամ կմեծանա», «1000 ազերու գերի են վերցրել Շուշիում», «Վայրկյաններ առաջ Երևանում սպանեցին շոկային մարդու», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը. Պուտինի հրատապ հայտարարությունը»: Սրանք իշխանական թևի սիրելի PerfectTv-ի վերնագրերն են, և այս վերնագրերը հրապարակելով՝ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում: Իսկ դուք հիմա պայքարում եք գրանցված լրատվամիջոցների դեմ, որոնք ձեզ հաճո չեն: Այս մասին ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ապա անցավ բուն ելույթին:

«2018 թվականի մայիսի 8-ից սկսած հարվածի տակ են հայտնվել պետական ինստիտուտները, Արցախը և Հայաստանը: Իշխանությունների անսահմանափակ սանձարձակություններին սկզբնական փուլում դիմակայեց լրատվական դաշտը: Սա այն քիչ կայացած ոլորտներից է, որի դեմ արշավը սկսվել է նույն 2018-ից ու շարունակվում է մինչ օրս: 2018-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր: Մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական-պետական համակարգ, որը գրեթե չուներ քաղաքական ընդդիմախոսներ, ինչը դեպի բռնապետություն ու ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհ է: Մամուլը դարձավ 2018-ի ձևավորված իշխանությունների ընդդիմախոսը և հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը: Մամուլը ստիպված է զբաղվել քաղաքականությամբ»,-ասաց Մանուկյանը: 

Պատգամավորի դիտարկմամբ իրապես ազատ մամուլը հավասարակշռեց քաղաքական կյանքը և ընդդիմացավ պոպուլիզիմին:

«Մամուլը նաև այլընտրանքային կարծիք ձևավորելու և այդ կարծիքը տեղ հասցնելու գործառույթ կատարեց, որպեսզի ժողովրդավարության վերջին փշրանքները չխժռի «թավշյա» կոչված հեղափոխությունը:

Ազատ խոսքը 2018 թվականի գարնանից սկսած նոր մարտահրավերների առաջ կանգնեց: Լրատվամիջոցի խոսքի իրավունքը վտանգվեց սկզբում ամբոխի հարձակման ուժով, ապա նոր իշխանավորների գործողություններով, որոնք շարունակվում են միչև հիմա»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:

Ըստ նրա օրենսդրական այս նախաձեռնությամբ շատ ուշագրավ թեմա է շոշափվում:

«Խոսքը չնույնականացած աղբյուրի մասին է: Սա շատ խորհրդանշական նախաձեռնություն է, քանի որ այն ներկայացվում է քաղաքական մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունքն էր չնույնականացվող աղբյուրներին, օդում կախված լուրերին, իրենց անանուն աղբյուրներին հղում անելով՝ բամբասանք ու կեղծ լուրեր տարածելը:

Նախաձեռնության տողատակում այլ բաներ էլ են երևում: Սա իշխանությունների ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է:

«Մամուլն ազատ է ավելի քան երբևէ» թեզը թմբկահարող իշխանությունները գործում եմ ընդդեմ կառավարության ազդեցությունից դուրս գտնվող մամուլի»,-նշեց նա: