կարևոր
1198 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 13:33

Հեռու մնացե՛ք, դուք ձեր դարդը լացեք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին

Հեռու մնացե՛ք, դուք ձեր դարդը լացեք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին

Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, որ շատ հաճախ է մտահոգություն հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ։ Իսկապես շատ հաճախ, այնքան հաճախ, որ վախենում եմ՝ ընտրություններին «Հայաստան» դաշինքին է քվեարկել։ Բայց այդքան դարդ մի արեք էլի, դուք ձեր դարդը լացեք: ԱԺ ամբիոնից այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մեզ ասում եք՝ ինչո՞ւ Գորիսի ընտրությունների չգնացիք: Էդ որ գնացիք, ԱԺ փոխնախագահ էր եկել ձեզ հետ, խմբակցության ղեկավար էր եկել, մեծ շքախմբով գնացիք, ի՞նչ արեցիք։ Հաղթեցի՞ք։ Չհաղթեցիք, քանի որ գորիսեցիները գիտեին՝ ում ձայն տան, ում են վստահում՝ մարդու, որը կյանքում մեծ նվիրումով է ծառայել իր քաղաքին, կառուցել է, շենացրել է, ոչ թե լոկ խոսել է, բարձրագոչ հայտարարություններով է հանդես եկել, այլ գործ է արել, պատերազմի մասնակցել, ոչ թե սելֆիներով է բավարարվել։

Գյումրիում, Մեղրիում չհաղթեցիք։ Եկեք, դուք ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ առանձնապես դասեր մի տվեք, դրա ոչ տեղն ունեք, ոչ իրավունքը»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը դիմեց կապանցիներին և հորդորեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

«Կարծում եմ՝ կմասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը կտաք այն մարդուն, որը ձեր կողքին է  եղել ամենադժվար պահերին՝ պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ։ Այստեղ մարդիկ կան, որոնք պարզապես իրավունք չունեն կապանցուն ասեն՝ սրան ընտրեք, նրան մի ընտրեք։ Դուք դրա իրավունքը չեք վաստակել։ Հեռու մնացե՛ք»,- եզրափակեց Գրիգորյանը։