Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր վերացնել ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն, քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն: Այս մասին հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրք է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է օրինակ իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդասիրության և օրինականության սկզբունքների լրջագույն ոտնահարում։
ՀՔԾ-ի նման վարքագիծը թույլ է տալիս պնդելու, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նման մասշտաբի իրավական բեսպրեդելը բնորոշ է միայն ու միան այն գործերին, որոնք իրենց մեջ քաղաքական երանգ են պարունակում։
Հասարակությանը տեղեկացնենք նաև, որ քննության արդեն իսկ սկզբնական փուլում պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել քննիչին, որոնք նպատակ են հետապնդել հերքել Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, սակայն քննություն իրականացնող մարմինը խուսափում է դրանց հիման վրա քննություն կատարել, քանզի ակնհայտ է, որ նման պայմաններում անհնարին է լինելու պահել իրենց իսկ կարած շինծու մեղադրանքները»։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։