Այն, ինչ կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների թե՛ խոշորացման, թե՛ այս ընթացքում փոփոխություններին ես չեմ կարող դրական գնահատական տալ, որովհետև բազմաթիվ ռիսկեր կան, և այդ ռիսկերը, ցավոք սրտի, չեն նվազեցվել: Ընդամենը 1.5 ամիս առաջ այս դահլիճում քաղաքական մեծամասնությունը հաստատեց խոշորացման փաթեթը, որը հիմա վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Այս մասին ԱԺ-ում իր ելութի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը, որպես օրինակ, ներկայացրեց Բաղրամյանի շրջանը՝ նշելով, որ այն 15 բնակավայր է իր մեջ ներառում, ամենախոշորն է իր ենթակառուցվածքներով, ինչպես նաև այդտեղից է Արմավիրի ջրբաժանը, նույնիսկ Բաղրամյանի շրջանի արձանն է այդտեղ տեղակայված, իսկ նրանք վերցնում են և Միասնիկյան բնակավայրը միացնում են Արմավիրին՝ թողնելով այնտեղ 14 բնակավայր, որոնք օրգանական կապի մեջ էին Միասնիկյանի հետ, զրկվում են ինքնուրույնության հնարավորությունից:
«Սա ընդամենը մեկ օրինակն է, որով ցանկանում եմ ցույց տալ, թե որքան չմտածված գործողություններ են եղել:
Այս փաթեթի համար ասեմ հետևյալը. առաջինը՝ վարչական ղեկավարի համար չկա պահանջ, որ ինքը գոնե այդ բնակավայրից պետք է լինի, և երկրորդ՝ հիմա նոր կարգավորումներով ասում ենք մինչև 500 բնակիչ ունեցող հաշվառված բնակավայրերում կարող է ընդհանրապես վարչական ղեկավար չլինի»,-ասաց Մինասյանը, և հավելեց, որ այս ամենը տանելու են բնակավայրերի օտարացմանը, որոնք զրկվելու են ինքնակառավարվելու հնարավորությունից:
Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ չպետք է առաջնորդվենք այն սկզբունքով, թե բնակավայր է, այստեղ մեկին նշանակենք թող ղեկավարի էլի, քանի որ այս մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերին: