կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 11:10

Իշխող խմբակցությունը տապալեց ընդդիմության նախաձեռնած Քննիչ հանձնաժողով ձեւավորելու գործընթացը

Իշխող խմբակցությունը տապալեց ընդդիմության նախաձեռնած Քննիչ հանձնաժողով ձեւավորելու գործընթացը

Խորհրդարանը չհաստատեց ընդդիմության հեղինակած «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Նշենք, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով պատգամավորների ստորագրության հիման վրա ձևավորվել էր, սակայն հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվեր քվեարկությամբ:

Որոշմանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, ձեռնպահ՝ 1։ Քվեարկությանը չմասնակցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը  տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից  այդ որոշմանը «չքվեարկությունը» ՔՊ խմբակցության կողմից որևէ հետևանք չի ենթադրում, պարզապես սրանով  խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու աշխատանքներին, ինչում որևէ խնդիր չի տեսնում։

«Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է  ԱԺ իրավասությունների տիրույթում, ամեն կերպ փորձելու է նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն։ Դա փորձել ենք անել մասնագիտական համայնքով երեք տարի, հետևողական ենք լինելու, արդար դատաքննության իրավունքն անքակտելի է լինելու Հայաստանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։