Ո՞ր սահմանն է ՀՀ-ն օգտագործում այս պահին ֆիքսելու համար Հայաստանի պետական սահմանը․ ո՞րն է Հայաստանի պետական սահմանը։ Այս հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ակնկալեց հստակ պատասխան։
Ի պատասխան հարցադրմանը Փաշինյանը նշեց․ «ՀՀ սահմանը չի փոխվել»։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ելնում է այն նույն սահմանից, որը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում, և Ադրբեջանը որտեղ է սկսվում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում արված չէ, այդ խնդիրը կա, բայց ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։
Պատգամավորն էլ իրավապահ մարմիններին կոչ արեց արձանագրել վարչապետի հայտարարությունը, քանի որ առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում։
«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք դառնալ պետական սահմանը գծելու համար։ Պետական սահմանը «Պետական սահմանի մասին» օրենքով է սահմանվում, իսկ եթե որևէ հարևան պետության հետ չկա ճշգրտված սահման, պետության տարածք է այն տարածքը, որի վրա գտնվում է Հայաստանի զինված ուժերը»,-ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը որևէ բան չպատասխանեց։