կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 18:21

Արմեն Չարչյանը մեկ ամիս է, ինչ խոշտանգվում է․ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ձեզ վրա․ Վարդանյանը՝ Առողջապահության նախարարին

Արմեն Չարչյանը մեկ ամիս է, ինչ խոշտանգվում է․ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ձեզ վրա․ Վարդանյանը՝ Առողջապահության նախարարին

Մեր գործընկերներ Մխիթար Զաքարյանը և Արմեն Չարչյանը շարունակվում են մնալ ապօրինի կալանքի տակ։ Դատարանը երեկ ստիպված էր հետաձգել Արմեն Չարչյանի դատական նիստը, քանի որ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո անցել է մեկ ամիս, սակայն ո՛չ եզրակացություն կա, ո՛չ էլ համապատասխան հանձնաժողովն է ստեղծվել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի պատասխանել Արմեն Չարչյանի գործով դատարանի գրությանը, և ինչո՞ւ մինչ այժմ չի կազմակերպել դատաբժշկական հանձնաժողովի ստեղծումը»,- ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այս հարցն ուղղեց պատգամավորը։ 

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն ըստ ընթացակարգի ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը և կարգին համապատասխան է շարժվել։ Հանձնաժողովը ստեղծված է, համալրված է և ըստ ընթացակարգի կիրականացնի ամբողջական փորձաքննությունը։

Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ արդյոք դատարանին տեղյակ պահե՞լ են այդ մասին, և ինչու՞ է այդ ընթացակարգն այդքան երկար տևում.

«Ըստ էության մեկ ամիս է, ինչ, փաստացի խոշտանգվում է առողջական խնդիրներ ունեցող մարդը, որը գտնվում է անազատության մեջ։ Հասկանու՞մ եք, որ այս ընթացակարգով ձգձգելու պատճառով, եթե հանկարծ Արմեն Չարչյանի առողջությունն ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց Ձեզ վրա»,-նշեց պատգամավորը։

Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ ըստ ընթացակարգի բոլոր գործողություններն արվում են։