կարևոր
2659 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-27 17:34

Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աղվան Վարդանյան

Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աղվան Վարդանյան

Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի, ողբերգական հետևանքներով: Արցախի Հանրապետության տարածքի 72 տոկոսը բռնազավթվել է, Ադրբեջանը մտել է Հայաստան: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածք: Շուշիում մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում՝ մզկիթ հիմնել: Այս իշխանության ղեկավարը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է՝ առանց Արցախի չկա Հայաստան: Ո՛չ այդ ասողը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ ԱԳ նախարարը, ո՛չ ՀՀ նախագահ ասվածը, պատերազմից հետո չեն այցելել Արցախի Հանրապետության տարածք:

Հարց. ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախ, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ, պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են:

Հարցին պատասխանեց փոխվարչապետը և ասաց, որ անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում:

Որին ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց՝ ականջ ունեցողների համար նորից եմ կրկնում՝ ո՛չ այդ ասողը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ ԱԳ նախարարը, ո՛չ ՀՀ նախագահ ասվածը, պատերազմից հետո չեն այցելել Արցախի Հանրապետության տարածք: