կարևոր
571 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-27 16:14

Ներկա իշխանությունը մեկ անձից գնումներով թալանում է բյուջեն, որն էլ հենց կոռուպցիան է. Գեղամ Մանուկյան

Ներկա իշխանությունը մեկ անձից գնումներով թալանում է բյուջեն, որն էլ հենց կոռուպցիան է. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը այսօրվա ԱԺ հերթական նիստի իր ելույթը սկսեց՝ ողջունելով Ռուբեն Ռուբինյանին, որը վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը՝  «Արցախն ուրացողը դավաճան է»:

«Անցնող վերջին մի քանի տասնամյակին մեր հասարակության մի կարևոր մասը, որը կոչվում է քաղաքացիական հասարակություն, և նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններ, տևական պայքար են մղել, որպեսզի կառավարման համակարգը բարեփոխվի, կոռուպցիան հնարավորինս վերանա, և երկրում արդարությունը շատ ավելի զորավոր լինի: Դրանցից մեկը մեկ անձից գնումների բացառումն էր: Իրականում դա ենթադրում է, որ պետությունը, Կառավարությունը պետական բյուջեի գնումները պետք է մրցույթներով անցկացնի, և ոչ թե վարչապետի աշխատակազմի ղեկավարը որոշի, որ այս կամ այն ծախսը պետք է տա x հրատարակչությանը կամ որևէ այլ ընկերությանը: Եվ այսօր ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն, որին ներկայացրել է իշխող խմբակցությունը, իրականում տևական ժամանակ եղել է այդ պայքարի մեջ, որին աջակցել են լրատվամիջոցներ, քաղաքական կուսակցություններ, այդ թվում իմ ներկայացրած ՀՅԴ-ն»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը նկատեց, թե պատահական չէ, որ շեշտում է վերջին 3 տարիներին, քանի որ այդ տարիներին այն իշխանությունը, որը քննադատել էր կոռուպցիան, մեկ անձից գնումները դատապարտել էր՝ համարելով կոռուպցիոն ռիսկ, զեկուցել էր տարբեր միջազգային կառույցներին, որ մեկ անձից գնումները շատ են Հայաստանում, հենց նրանք վերջին 3 տարվա ընթացքում աննախադեպ դարձրին այն, և շատ հաճախ լրատվամիջոցները, որ հարցումներ էին ուղարկում, թե այս կամ այն միջոցառման համար ինչո՞ւ է մեկ անձից գնում իրականցվել, պահանջում էին հաշվետվություն, նրանք էլ պատճառաբանում էին՝ մոտ 30 օր ժամանակ է պետք:

«Սիրելի հայրենակիցնե՛ր, մեկ անձից գնում Կառավարությունն իրականացնում է, երբ շատ արագ պետք է գնում իրականացնի, օրինակ համավարակի պարագայում կարելի է հասկանալ դա, բայց երբ Կառավարությունը մեկ անձից գնում է կատարում մի իրադարձության համար, որի մասին տեղյակ է 1-2 տարի առաջ, դրան կոչում են կոռուպցիա, բյուջեի թալան»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ Հայաստանի անկախության օրը նշելը Կառավարությանը հայտնի է լինում 1 տարի առաջ, ապա այդ դեպքում 2019, 2020 թվականիններին անկախության օրը ինչո՞ւ մեկ անձից գնում իրականացվեց բյուջեի տասնյակ միլիոնավոր դրամների հաշվին:

«Կամ քաղաքացու օրվա համար ինչո՞ւ 48 մլն դրամ տվեցին մեկ ընկերության կամ մշակութային միջոցառումների համար մոտ 11 մլն դրամ տվեցին մեկ առանձին ընկերության»,-շեշտեց Մանուկյանը, և հավելեց մի հետաքրքիր փաստ ևս. մեկ անձից գնումով հսկայական գումար՝ մոտ 43 մլն դրամ, հատկացնում են մի ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել. սա կոռուպցիա չէ, սա կոչվում է թալան: