կարևոր
1684 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 13:03

Արմեն Չարչյանի կալանավորման առաջնային պատասխանատուն Առողջապահության նախարարն է․ Արամ Վարդևանյան

Արմեն Չարչյանի կալանավորման առաջնային պատասխանատուն Առողջապահության նախարարն է․ Արամ Վարդևանյան

Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից խայտառակություն է, այլ լկտի վարքագիծ է նախարարի կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Խոսելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզել եմ, որ դատարանի կողմից գրություն է գնացել առողջապահության նախարարին՝ խնդրելով Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին փորձաքննության արդյունքում կայացրած եզրակացության վերաբերյալ որոշում կայացնել, թե արդյոք նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ օրս չի արձագանքել այդ գրությանը:

«Իրավապահ համակարգում տիրող խայտառակ իրավիճակի մեջ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում նաև առողջապահության նախարարը:

Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից խայտառակություն է, այլ լկտի վարքագիծ է նախարարի կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ»,-ընդգծեց պատգամավորը և հավելեց, որ արդեն մեկ ամիս է՝ առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր պարտականության կատարմանը:

Պատգամավորը հայտնեց, որ դա մարդկայնորեն էլ իր համար անհասկանալի է, քանի որ նախարարը պետք է ուղղակի պատասխաներ, թե առողջական ներկա վիճակը համատեղելի է կալանքի հետ, թե ոչ:

«Ուղղակի անհամատեղելի է, քանի որ Արմեն Չարչյանի մոտ արյան մեջ շաքարի քանակությունը շատ բարձր է:

Եվրոպական բոլոր կառույցներին տրամադրել ենք ամբողջական տեղեկատվություն։ Նույնիսկ դեսպանների հետ մեր հանդիպումների ժամանակ տեղեկացնում ենք այդ մասին, և որոշակի համաձայնության տարրեր ենք ստանում այդ անձանցից, որ իրականում Արմեն Չարչյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Այսինքն ինչ է անձն ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, նրան պետք է ամեն կերպ կալանքի տակ պահե՞ն։

Վստահ եմ, որ քննարկվում է նաև ՄԻԵԴ դիմելու տարբերակը։ Մեր կողմից սեղմ ժամկետներում դիմում էր ներկայացվել ՍԴ՝ պատգամավորի կարգավիճակի և պատգամավորի անձեռնմխելիությունը նման լկտի ձևով խախտելու վերաբերյալ։ ՍԴ-ն բավական արագ է նիստը նշանակել, խոսքը գնում է դեկտեմբերի 6-ի մասին։ Իրավապահները և այս պատամությանն առնչություն ունեցող սուբյեկտները չեն պատկերացնո՞ւմ հետևանքը, եթե ՍԴ-ն արձանագրի այն պարզ ճշմարտությունը, որ չէին կարող նման գործողություններ անել»,-նշեց պատգամավորը։

Վարդևանյանը ընդգծեց, որ այս իշխանությունները պատանդի կարգավիճակով պահում են Արմեն Չարչյանին. «Շատ պաշտոնյաների ուզում եմ հիշեցնել, որ իրենց խղճին է մնալու այս ամենը։ Նրանք երեք տարվա մեջ արդեն ունեցել են դեպք, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Արմեն Չարչյանին մեկ անգամ գրեթե կոմայի վիճակում են տեղափոխել բուժհաստատություն։

Ըստ նրա՝ առողջապահության նախարարը, իմանալով, որ Արմեն Չարչյանն առողջապահության, մասնավորապես՝ նրա ոլորտներից մեկի ձևավորման մեջ մեծ ավանդ ունեցող անձ է, անգործություն է դրսևորում նրա հանդեպ՝ իր ուղղակի պարտականությունները կատարելիս: