կարևոր
409 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 11:14

ԱԺ-ում ընդունվեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը

ԱԺ-ում ընդունվեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ կստեղծվի 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում  հայտարարեց, որ հանձնաժողովը ղեկավարելու է ինքը:

«Պետք է արձանագրել՝ անհրաժեշտ է այս համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի: Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել` եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները ու, որ ամենակարևորն է, հայ ժողովրդի մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի նկատմամբ վստահությունը», - ասաց Մինասյանը:

«Ես հուսով եմ, որ այս հանձնաժողովում ընդգրկվող ՔՊ-ական պատգամավորներն այս մղումով կառաջնորդվեն: Բացաձակ ցանկություն չկա որևէ անձի սուբյեկտավորված կամ թիրախավորված մեղադրանքներ առաջադրել: Քննությունը լինելու է օբյեկտիվ և համակողմանի: Քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր նմանատաիպ կնճռոտ հարցերը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Որոշումն, այդպիսով, ընդունվեց:

Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ: