կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 10:52

Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքում․ դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին. «Առավոտ»

Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքում․ դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին. «Առավոտ»

Aravot.am-ը գրում է.«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ փոխելու խափանման միջոց կալանքը։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվում է Մխիթար Զաքարյանի դատաքննությունը։ Զաքարյանն ու նրա երկու գործընկերը մեղադրվում են օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքը օտարելու մեջ, ինչի արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ։

Դատակոչված վկաներին լսելուց հետո, դատավորն ասաց, ո ր անցնում են ապացույցների հետազոտման փուլին, պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին գրավ կիրառել եւ փոխել Մխիթար Զաքարյանի խափանման միջոց կալանքը։ «Մենք այսօր հարցաքննեցինք բոլոր վկաներին։ Փաստաթղթերի հետազոտման փուլը ավարտվեց։ Եթե խոչընդոտ կար, որ Մխիթար Զաքարյանը մնալով ազատության մեջ կարող էր ազդել վկաների վրա, ապա այժմ այդ հանգամանքը վերացել է։ Եթե նույնիսկ չնչին կասկած էլ կա, հարգելի դատարան, ակնհայտ է, որ այնքան է նվազել, որ կալանքը այստեղ որեւէ նշանակություն չունի»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մոտ մեկուկես ժամից դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքում։

Ի դեպ, 3 ամբաստանյալն էլ հրաժարվեցին ցուցմունք տալուց եւ դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին»։

Հիշեցնենք, որ Զաքարյանը կալանավորվել էր 2 ամսով՝ հուլիսի 13-ին: