կարևոր
916 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 23:43

Այո՛, Արցախն ուրացողը դավաճան է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է ի շահ մեր երկրի խոսքի հանդեպ նման արձագանքը

Այո՛, Արցախն ուրացողը դավաճան է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է ի շահ մեր երկրի խոսքի հանդեպ նման արձագանքը

Հայ ազգը գտնվում է սարսափելի իրողության մեջ: Կորցնելով Արցախի 75%-ը, խարխլելով ազգային անվտանգության ամբողջ համակարգը՝ ՀՀ-ում գործող վարչախումբը զրկում Է մարդկանց արտահայտելու իրենց մտքերը, որոնք ի շահ Հայաստանի ու Արցախի են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

«Վերոնշյալի հետ կապված վերջին միջադեպը տեղի ունեցավ այսօր Ազգային Ժողովում, հերթական նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով իր ելույթում ասաց, որ ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է... Այս արտահայտությունը լսելով՝ նիստը վարողը հրահանգեց որպեսզի անջատեն Գեղամ Մանուկյանի խոսափողը, այնուհետև ԱԺ նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք քաշքշելով հեռացրեցին Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից։

Իրականում այսպես կոչված անվտանգության աշխատակից անվան տակ թաքնված են այնպիսի անձինք, որոնք որևէ կապ չունեն անվտանգություն բառի հետ, այդ անձինք ծառայում են թշնամուն և իրենց բազկի ուժը կարողանում են ցուցադրել միայն՝ օգտագործելով գերիշխող դիրքը, ի ցույց դնելով ֆիզիկական ուժ այն մարդկանց նկատմամբ և այն դեպքերում, երբ որևէ խոսք է հնչում ի շահ մեր երկրի, իսկ նրանք, ովքեր ասում են՝ «բա մեզ պետք է՞ր էդ հողերը, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է» և նման շատ ու շատ արտահայտություններ, որոնք իսկապես խախտում են անվտանգության կանոնները, նմանների ելույթները ոչ միայն չեն ընդհատվում, լռեցվում, այլ նաև ողջունվում են Ազգային Ժողովի դահլիճում գտնվող որոշ անձանց կողմից։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպը և ևս մեկ անգամ հաստատում՝ այո՛ ԱՐՑԱԽՆ ՈՒՐԱՑՈՂԸ ԴԱՎԱՃԱՆ Է․․․

Հ.Գ.Այսպիսի իրավիճակներում խիստ կասկածներ են առաջանում՝ նման հրահանգներ տվողների ու այդ հրահանգները կատարողների ազգության պատկանելիության հետ կապված, տպավորությունն այնպիսին է, որ նրանց հայ ազգի հետ կապող միակ մասնիկը իրենց ազգանվան «յան» վերջավորությունն է»: