12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի իշխանությունները հերթական պարտությանն են տանում հայ ժողովրդին։ Տապալվել է կորոնավարակի դեմ պատերազմն՝ իր բոլոր փուլերում։ Այս մասին Աժ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Սկզբում վիրուսին չէին նկատում, որպեսզի կարողանան գրավել Սահմանադրական դատարանը։ Հետո նկատելու տվեցին, բայց արդեն ուշ էր։ Սկսեցին իրենց ոճին հավատարիմ մեղադրել ժողովրդին։ Հիմա էլ իշխանությունները տապալում են պատվաստման գործընթացը»,-ասաց Մանուկյանը։
Պատգամավորը հայտնել է, որ Հայաստանը պատվաստումների ցածր՝ 8-տոկոսանոց ցուցանիշով Մոզամբիկի տիպի երկրների շարքում է հայտնվել՝ առնվազն 3-ից 8 անգամ հետ մնալով հարևան երկրներից։
«Իշխանությունների վարքագիծը կորոնապատերազմում հիշեցնում է Խնկոյանի բանաստեղծության հերոսին։
Թռի-վռի Մի ճպուռ, Ողջ ամառը Շուռ ու մուռ։
Ասելս այն է, որ ամառային շրջանը բաց թողնվեց, չիրականացվեց ճիշտ քարոզ և պատվաստումները ձախողվեցին։ Իրենց խայտառակ աշխատանքը, ավելի ճիշտ՝ աշխատանքի բացակայությունն այսօր փորձում են լրացնել վարչական մեթոդներով, բայց արդյունքում անգրագետ որոշումներ են կայացվում ու խնդիրը չի լուծվում»,- ընդգծել է Մանուկյանը։
Պատգամավորը շեշտել է, որ հոկտեմբերի 1-ից աշխատողներին պարտադրված է պատվաստված լինելու հավաստագիր կամ բացասական պատասխանով թեստի հանձնման փաստաթուղթ ունենալ։ Հակառակ դեպքում պատժիչ գործողություններ և տուգանք է կիրառվում։ Եվ սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով։
«Ըստ իս՝ մարդկանց չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն վստահում այս իշխանությունների նախաձեռնություններին։
Կորոնավարակի դեմ պայքարը և պատվաստումների ցուցանիշները բարելավելու համար պետք է ռացիոնալ մոտենալ խնդրին, չընդունել անտրամաբանական որոշումներ։ Այսպես, եթե մարդը հիվանդացել է կորանայով ու բնական ճանապարհով ձեռք բերել հակամարմիններ, ապա որոշակի ժամանակով պետք չէ նրան ստիպել պատվաստվել։ Քաղաքացին կարող է ցույց տալ հակամարմնի առկայության հավաստաթուղթ և վերջ։ Իսկ եթե չկան ստանդարտներ, թե որ քանակի հակամարմինը համարել բավարար, ապա այդ ստանդարտը կարելի է սահմանել՝ ելնելով այն ցուցանիշներից, որոնք առաջանում են պատվաստումների արդյունքում։ Եվ չարժե մարդկանց ստիպել այս դեպքում թեստավորվել, որն արդեն բացահայտ թալանի է վերածվել»։
Պատգամավորն առաջարկում է, որ հիվանդացած լավացածների համար սահմանել մեկանգամյա ներարկումով պատվաստանյութերի ապահովում:
«Հաջորդ առաջարկը։ Քանի որ հիմնական ռիսկային գոտում տարեց մարդիկ են, ապա նրանց պատվաստումն անհրաժեշտություն է։ Թոշակառուների պատվաստումը խրախուսելու համար պետք է ֆինանսական շահագրգռվածություն առաջացնել։ Օրինակ՝ պատվաստվելու դեպքում նրանք պետք է միանվագ ստանան 10.000 դրամ։ Այս մեթոդը տարբեր երկրներում կիրառվում է։
Եթե ասեն, որ բյուջեում փող չկա, ապա պետք է հարց տալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ պարգևավճարների, հունական կղզիների թանկարժեք հանգստավայրերի, սեփական անվտանգությունն ապահովելու համար ուժային կառույցներին տրվելիք գումարներ միշտ գտնվում են, իսկ ահա հպարտ որակված քաղաքացիների համար՝ ոչ։ Այնպես որ, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել»,-եղրափակեց Մանուկյանը։