կարևոր
1285 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 17:26

Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք․ Սեյրան Օհանյան

Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք․ Սեյրան Օհանյան

Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վերջինս նշեց, որ ԱԺ փակ նիստին հրավիրել էին գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և իրավական հենքերին։

«Փակ նիստի ժամանակ չստացանք հարցերի պատասխաններ, որոնք ուղղված պետք է լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի վիճակին և Հայաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումներին։ Որևէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատակապես Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում։ Մեր եզրակացությունը մեկն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանությունների կողմից»,-ասել է Սեյրան Օհանյանը։

ԱԺ փակ նիստի ժամանակ անդրադարձ եղել է նաև Կապանի ճանապարհների անվտանգությանը և Փայլասարի հարցին։

«Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանք հաստատեցին, որ Փայլասարում եղել է ՌԴ հենակետ, և այդ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ճիշտ կլին խորհրդարանական վերահսկողության ներքո տեղում գնալ ու այդ ամեն ինչը տեսնել»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը նշեց, որ փակ հանդիպումից նաև եզրակացրել են, որ ժամանակին որոշում չի ընդունվել՝ կարևոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու վերաբերյալ։ Սեյրան Օհանյանի խոսքով արագ կերպով պետք է մոբիլիզացիա արվեր, պետք է որոշումներ ընդունեին, ամենակարևոր կետերում դիրքերը կահավորեին։

«Կատարվել է հակառակը։ Օրինակ Սյունիքի մարզում եղել են տեղական ինքնակառավարման մարմիններից, համայնքներից ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք զբաղեցնում են։ Այս ամենը հաշվի առնելով՝ նախ պետք է բարձրացնել Պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը»,-նշել է պատգամավորը։