կարևոր
1912 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 16:46

Դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում լսել այդ խեղկատակությունը. Թագուհի Թովմասյանը սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ նիստի մասին

Դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում լսել այդ խեղկատակությունը. Թագուհի Թովմասյանը սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ նիստի մասին

Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում լսել այդ խեղկատակությունը: Այս մասին ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ փակ քննարկմանը:

«Մենք չունենք հստակ պատասխաններ, և չկա մեկ պատասխանատու մարդ։ Ո՞վ է սահմանների այսօրվա իրավիճակի պատասխանատուն։ Ի՞նչ է լինելու կամ ինչպե՞ս են այսօր գծվում սահմանները։ Փաստացի Հայաստանում դեմարկացիա է եղել։ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները եկան, իրենց հենակետը դրեցին և հաստատվեցին։ Փաստացի դեմարկացիա տեղի ունեցավ։ Ինչի՞ հիման վրա։ Այս մարդը չի կարողանում պատասխանել»,-նշեց պատգամավորը։

Վերջինս նկատեց՝ սա իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերը տարրալուծեն, որևէ հարցի կոնկրետ պատասխան չտան։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ստացվում է, որ մեր երկրի ամենակարևոր հարցերի շուրջ պատասխաններ չունենք։

Պատգամավորը տեղեկացրեց, որ փակ նիստում մեկ հարց է հնչեցրել և արդեն մեկ տարի է այն տալիս է, թե ինչո՞ւ մինչ այսօր կահավորված չեն ՀՀ սահմանները:

Թովմասյանը հայտնեց, որ նաև հարցրել է, թե ինչո՞ւ Ադրբեջանական զինուժը կարողացավ հատել ՀՀ սահմանն այն դեպքում, երբ հայկական ԶՈւ-ն պետք է ցուցադրեր դիմադրություն և ինչո՞ւ է հովիվը դիմավորել ադրբեջանական զինվորներին:

Պատգամավորի խոսքով՝ այդ երկու հարցերն ուղղել է Կամո Քոչունցին և չստանալով պատասխան՝ դուրս է եկել դահլիճից:

Ըստ Թովմասյանի՝ հարցեր կան, որ նիստին ներկա ուժային կառույցների ներկայացուցիչները իսկապես չեն տիրապետում և հարցեր էլ կան, որ հրահանգված է տարրալուծել, որևէ կերպ չպատասխանել, որպեսզի այդպես անցնի-գնա այս քննարկումը:

«Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել և խոսել ամեն ինչի մասին՝ առանց կոնկրետությունների և դռների հետևում անցկացվող խորհրդավոր փակ նիստն համարեն ավարտված, երբ հանրային հնչեղություն ունեցող որևէ հարց չի չստանում պատասխան»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ԱԳ նախարարը հանդիպմանը չի եկել, Թագուհի Թովմասյանն ասաց, որ կառավարությունը հարմար է գտել՝ այսօր պետք է ներկայանա ԳՇ պետի տեղակալը և սահմանապահ զորքերի հրամանատարը։