կարևոր
415 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 13:53

Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել. Տիգրան Աբրահամյան

Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն էի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։ Հայտնում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել, ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։

Հարցադրումս հետևյալն էր.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Արցախի հարցով պաշտոնական Բաքվի հետ բանակցությունները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով, ապա անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանություն ստանալ հետևյալ հարցադրումների շուրջ։

1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ, հայկական զորքերը դուրս են բերվել Կովսականի և Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականորեն վտանգելով նաև Սյունիքի անվտանգությունը:

Դրա արդյունքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր են տեղակայվել։ Հայկական զորքերի դուրս բերման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Կապան-Ճակատեն ճանապարհի մի մասը։

Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝

1. Եթե այդ քայլն արվել է Ադրբեջանի սպառնալիքի ներքո, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետին համապատասխան նման քայլից խուսափելու համար:

2. Արդյոք ՀՀ իշխանությունները այդ հարցով դիմե՞լ են ՌԴ-ին որպես հայտարարության 3-րդ կողմի, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների: Եթե այո, ապա ի՞նչ պատասխաններ են ստացվել։

3. Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք: Ե՞րբ է ձեռք բերվել այդ «բանավոր ըմբռնումը» և ի՞նչ պատճառով է այն բանավոր եղել: Ովքե՞ր են եղել այդ «բանավոր ըմբռնման» կողմերը: Արդյո՞ք, ըստ կառավարության, «բանավոր ըմբռնումը» կարող էր իրավական հիմք հանդիսանալ զորքերի դուրսբերման համար: Եթե եղել է միայն «բանավոր ըմբռնում», ապա ե՞րբ և ո՞վ է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ զորքերի դուրսբերման ժամկետի և հետքաշման գծի վերաբերյալ: Եղել է միայն «բանավոր ըմբռնում», թե՞ եղել է նաև գրավոր համաձայնագիր:

4. ՀՀ իշխանությունները բազմիցս հերքել են այդ հարցով որևէ գրավոր փաստաթղթի առկայությունը, չնայած մամուլում բազմիցս շրջանառվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ռուսական սահմանապահ ուժերի սպայի կողմից Սյունիքում 2021 թ. փետրվարին հանձնված փաստաթղթի տեքստը: Կա՞ արդյոք նման փաստաթուղթ:

ա. Եթե այո՝ ապա

բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները:

գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:

դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա:

ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով:

զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել:

5. Ըստ մամուլում հրապարակված փաստաթղթի 2-րդ կետի, Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհների նշված կորդինատներով ճանապարհային հատվածներում անձանց, ավտոմեքենաների և ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայկական տարածքում, իսկ Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանային ծառայությունը՝ ադրբեջանական տարածքում, տեղադրում են սահմանային ուղեկալներ:

ա) Ի՞նչն է հիմք եղել հենց նշված կոորդինատներն ամրագրելու համար:

բ) Արդյոք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:

գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը:

դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձևով տառադարձվել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։

Խնդրում եմ, որպեսզի գրությանը պատասխանելիս յուրաքանչյուր հարցին անդրադառնաք առանձին։

ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող և խնդրի վտանգավորությունը քողարկող պատասխանը ստորև՝

«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղված սեպտեմբերի 27-ի թիվ N 107/4275-2021 գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու վերաբերյալ, հայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաև հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները խնդրի առնչությամբ (տես http://www.youtube.com/watch?v=Cxlyzmrm8Xo... հղումով):

Ինչ վերաբերում է նշված ճանապարհահատվածի շուրջ բանավոր ըմբռնման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ձեր կողմից հիշատակվող հարցազրույցում վարչապետի կողմից հանգամանորեն ներկայացվել է այն համատեքստը և տվյալ պահին ի հայտ եկած այն անվտանգային իրողությունները, որոնց առկայության պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև ձեռք է բերվել նման պայմանավորվածություն»,-գրել է Աբրահամյանը։