կարևոր
1159 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 12:22

Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում և ասում, որ չի ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ. Արթուր Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում և ասում, որ չի ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ. Արթուր Խաչատրյան

Անկեղծ ասած՝ զարմացած եմ։ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում և ասում, որ չի ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ։ Բա էդ դեպքում ինչո՞ւ է Էկոնոմիկայի նախարարը զեկուցում, այլ ոչ թե՝ Արդարադատության նախարարը։ ԱԺ-ում ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Քերոբյանը հիշատակի ու տոն օրերը կրճատելու քննարկմանը եկել էր ոչ թե տնտեսական հաշվարկներով, այլ «յուրահատուկների հաջողության պատմության» մասին մի գիրք ձեռքին, որն ասում էր, ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը՝ հաջողության հասնելու համար։

Արթուր Խաչատրյանին զարմացրեց նաև գրքից մեջբերումները․ «Գրքից մեջբերում եք անում, այդ դեպքում ասացվածքներ էլ ասեք՝ «Ով ալարի՝ ոչ դալարի», «Ով չաշխատի, նա չուտի», «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Աշխատանքը կապիկին մարդ սարքեց», չէ, էդ մեկը չասեք՝ «Աշխատանքը գայլ չի՝ անտառ չի փախչի», բայց Էկոնոմկայի նախարար եք՝ եկեք հիմնավորեք տնտեսական լեզուները»։

Գյուղատնտեսության վրա ազդեցության մասին նրա դիտարկմանն ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը նկատեց. գյուղացին առավոտյան զարթնում է, գնում է իր կովին կթում է, ինքը օրացույցին չի նայում, չի ասում՝ այսօր կիրակի է ու կովիս չպիտի կթեմ, այսօր շաբաթ է՝ ծիրանը չպետք է քաղեմ, այսինքն Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչի հիման վրա է նախարարն այդ հաշվարկը արել։

«Առևտրի ծավալների մասին․ բոլորս հասկանում ենք, որ տոն օրերին առևտրի ծավալը մեծանում է, մեխանիկորեն բռնել եք և բաժանել 31-ի, հանել եք շաբաթ-կիրակի օրերը, հաշվարկ եք արել, հո երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը: Քաղաքակիրթ աշխարհը նաև ունենում է Զատկի տոներ։ Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժամը 6-ից հետո հիմնարկի ղեկավարն իրավունք չունի իր ենթակային email գրի։ Եթե քաղաքակիրթ աշխարհի մասին ենք խոսում, եկեք քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով գնանք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա մտահոգությունը հետևյալն է՝ էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում, բանակի պատրաստվածության մասին է խոսում․

«Հիմա այդ մակարդակի իջնե՞նք, պարոն Քերոբյան, ռազմաարդյունաբերական կոմիտեի մասին խոսե՞նք, թե՞ տնտեսական հիմնավորումների մասին»: