Այս օրենքի նախագիծը, որ կարող է ունենալ ճշգրիտ մի կետ, հետևյալն է՝ իսկապես պետք է շատ աշխատել: Այնպես չէ, որ հայ ժողովուրդը աշխատասեր ժողովուրդ չէ, և հիմա նոր պետք է նրանց նման ազդակ տանք: Հայ ժողովուրդը առավել քան աշխատասեր է: Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է ավելի շատ աշխատեն։ Այս մասին ԱԺ-ում ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Իմ առաջարկներից մեկը, որը հանձնաժողովի նիստում քննարկում էինք՝ որոշակի անցումային շրջան նախատեսելն էր: Մասնավորապես նախարարների, վարչապետի, պատգամավորների, փոխնախարարների համար այս օրենքն անմիջապես թող ուժի մեջ մտնի, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապությունը տեղին չէ»,-ասաց Վարդևանյանը։
Պատգամավորը հայտնեց, որ այն առաջարկությունը, որ իրենց խմբակցությունը ներկայացնելու է, լինելու է հետևյալը՝ հունվարի 2-ը և 7-ը մնում են ոչ աշխատանքային և դա առավել քան տրամաբանական է:
«Բայց մի բան էլ կա, որին պետք է անդրադառնալ. ԱԺ աշխատակազմը կարծիք է ներկայացրել ու նշել, որ այս նախագիծը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին, բայց Վահան Քերոբյանն այդ հարցին չանդրադարձավ»,- իր ելույթը եզրափակեց Արամ Վարդևանյանը։