կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 10:57

Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց. Գեղամ Նազարյանը՝ էկոնոմիկայի նախարարին

Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց. Գեղամ Նազարյանը՝ էկոնոմիկայի նախարարին

Երբ շրջանառության մեջ դրվեց այս նախագիծը, ինձ հանդիպող յուրաքանչյուր երրորդ մարդուց մեկը խնդրել և պահանջել է, որ ԱԺ-ում բարձրացնեմ մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: ԱԺ հերթական նիստի ընթացքում նման հարցադրում կատարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարայնը՝ դիմելով էկոնոմիկայի նախարարին:

«Դուք նշեցիք, որ այս ամեն ինչը արվում է, որ մեր ժողովուրդը աշխատի, բայց նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում՝ չստանալով համապատասխան վճար»,-նշեց Նազարյանը:

Պատգամավորը նշեց, որ մեր ժողովուրդը աշխատում է նաև կիրակի՝ շինհրապարակներում, տոնական օրերին՝ խանութներում, որպես էդպիսին հանգիստ չունի:

«Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, ապա այնտեղ տարին 2 անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հանգստով և առողջությամբ: Մեր մոտ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը առիթ էր, գոնե, ընտանիքով հավաքվելու, հանգստանալու, իրար տեսնելու, տոնը նշելու համար:

Եվ ճիշտ է արդյոք այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելու մոտիվ գտնելն է: Այսինքն, ի՞նչ պետք է անեք, որ հունվարի 7-ն էլ խլեք: Դուք մնացած 4 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները խլել եք, և միայն այս մեկն էր մնացել»,-ասաց Նազարյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ իր և իր գործընկերների մտքով է անցել նման օրենք բերելը:

Նազարյանը հակադարձեց, որ ամեն քայլ և նախաձեռնություն պետք է նպատակ ունենա, և Քերոբյանը չհիմնավորեց, թե ինչի համար է այսպիսի որոշում կայացվել:

«Դուք, իրոք, մարդուց խլում եք այն, քանի որ հունվարի 2-ին աշխատանքի շտապող մարդը, հաստատ ամսի 1-ին ո՛չ ընկերոջ, ո՛չ հարազատի տոնը չի շնորհավորելու, այսինքն դուք հայ մարդուց խլում եք միմյանց հետ շփվելու հնարավորությունը:

Եվ ի վերջո մենք 4000-ից ավելի զոհի ընտանիքից վերցնում ենք այդ մեկ օրը: Դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը պետք է պարտադիր ոչ աշխատանքային լինեն նաև հունվարի 5-ը, 6-ը, 7-ը»,-ասաց Նազարյանը: